գլխավոր Տարածաշրջան Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը կարողացել է մերձեցնել Երևանի և Բաքվի...

Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը կարողացել է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի շուրջ. Մհեր Գրիգորյան

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբը կարողացել է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Կառուցողական եմ համարում Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը: Սա, իհարկե, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերի շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցում»,- ասել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են ճանապարհային ու երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու հետագա օգտագործման հետ կապված հարցերի մշակումը»։

Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այնուհետև այդ նպատակով որոշվել է երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։