գլխավոր Իրադարձային Զելենսկին սխալվում է, եթե կարծում է, որ կարող է Էրդողանի վրա հույս...

Զելենսկին սխալվում է, եթե կարծում է, որ կարող է Էրդողանի վրա հույս դնել. Ալեքսեյ Պուշկով

ՌԻԱ Նովոստի գործակալությունը գրում է. Ռուսաստանի Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Ալեքսեյ Պուշկովը գնահատել է Ուկրաինայի և Թուրքիայի փոխհարաբերությունները:

«Զելենսկին սխալվում է, եթե կարծում է, որ ի դեմս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ունի կայուն ռազմավարական գործընկեր և կարող է նրա վրա հույս դնել: Էրդողանի համար Ուկրաինան ընդամենը ևս մեկ խաղաքարտ է իր տարածաշրջանային պոկերում և Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդ համակարգում»,- գրել է Պուշկովն իր տելեգրամյան ալիքում:

«Թուրք առաջնորդը «կմիացնի» գործընկերությունը, երբ այն իրեն շահավետ լինի, և կմոռանա դրա մասին, երբ դրա անհրաժեշտությունը չլինի: Եվ «Ղրիմը վերադարձնելը» նույնպես Կիևին չի օգնի. Էրդողանը հավակնոտ է, սակայն նա իրատես է քաղաքականությունում, գիտի, որ դա անհնար է, հետևաբար, հայտարարագրերից այն կողմ գործը չի գնա: Բացի այդ, անարդյունք սուր հակամարտություն Մոսկվայի հետ նրան պետք չէ»,- նշել է սենատորը:

Նա հավելել է, որ «հավաքագրել» Էրդողանին նույնպես չի հաջողվի, հատկապես Զելենսկիին: «Նախևառաջ, չափազանց մեծ է տարբերությունը մակարդակների և հեղինակության միջև՝ Էրդողանը Եվրպայի բարձրագույն լիգայում է, իսկ Զելենսկիին մինչ դրան հասնելը շատ կա: Սակայն ամենակարևորն այն է, որ Էրդողանը չի հավաքագրվում: Նա արդեն ցույց է տվել, որ իր խաղն է խաղում միաժամանակ մի քանի շախմատային տախտակների վրա, չի վախենում սրացումներից հզոր գերտերությունների հետ և միշտ ունի պահած հաղթաթղթեր, որոնք բացում է անհրաժեշտ պահին»,- եզրափակել է Պուշկովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիևը և Անկարան Զելենսկու՝Թուրքիա կատարած աշխատանքային այցի ընթացքում շրջանակային ռազմական պայմանագիր էին կնքել և պաշտպանական ունակություններն ամրապնդելու ոլորտում երկարատև համագործակցության մասին հուշագիր ստորագրել: