գլխավոր Քաղաքականություն Դաժան պատերազմի առաջնագծում. Լեռնային Ղարաբաղը The New York Times-ի լրագրողի աչքերով

Դաժան պատերազմի առաջնագծում. Լեռնային Ղարաբաղը The New York Times-ի լրագրողի աչքերով

Անտոն Տրոյանովսկին մեկն է այն տասնյակ օտարերկրյա լրագրողներից, որ Լեռնային Ղարաբաղի հակամտրության գոտում բռնկված պատերազմի առաջին օրերից ժամանել է Արցախ ու լուսաբանում է Ստեփանակերտում, Շուշիում և պատերազմի առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունները: 

Տրոյանովսկին ամերիկյան հեղինակավոր The New York Times-ի մոսկովյան թղթակիցն է, ով  ծավալուն հոդված  է հրապարակել պատերազմող արցախցիների կենցաղի ու այդ կենցաղի վրա պատերազմի թողած հետքի մասին:

Հոդվածը Տրոյանովսկին սկսել է առաջնագծում տիրող իրավիճակի ներկայացմամբ, նշելով, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը սավառնում են հայերի գլխավերևով, իսկ հայերը դիմադրություն են ցույց տալիս ադրբեջանական շարասյուններին, որոնք փորձում են փոքր տարածքային նվաճումներ ունենալ:

Անցնելով Ստեփանակերտի բնակելի թաղամասերին՝ լրագրողը ներկայացնում է հրթիռակոծության ու ռմբակոծության տակ հայտնված խաղաղ բնակիչներին, որոնք լքել են իրենց տները և բնակվում են չջեռուցվող նկուղներում ու ապաստարաններում, ստիպված են լինում քնել ստվարաթղթերի վրա: Տրոյանովսկին հայտնում է, որ պատերազմն արդեն հանգեցրել է տասնյակ քաղաքացիական զոհերի և հարյուրավոր զինվորների մահվան:

«Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում, ուր ես այցելել էի անցած շաբաթ լուսանկարիչ Սերգեյ Պոնոմարյովի հետ, հրետանային կրակը հաճախ լսվում էր հեռվից։ Ուրբաթ ուշ երեկոյան քաղաքը թիրախավորման ենթարկվեց։ Օդային տագնապի ազդանշանները, ցնցումները և խուլ հարվածները լսվեցին ողջ գիշեր, իսկ հյուրանոցի հյուրերը շտապում էին նկուղ: Ռումբերից առնվազն մեկն ընկել էր քաղաքի կենտրոնում»,- գրել է Տրոյանովսկին:

The New York Times-ի թղթակիցն իր հոդվածում անդրադարձ է կատարում նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին՝ նշելով, որ այն արդեն շուրջ մեկ դարի պատմություն ունի:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը: