գլխավոր Քաղաքականություն Հակամարտությունն արդեն հանգեցրել է քաղաքացիական բնակչության անթույլատրելի կորուստների. ԵՄ ղեկավարը դատապարտել է...

Հակամարտությունն արդեն հանգեցրել է քաղաքացիական բնակչության անթույլատրելի կորուստների. ԵՄ ղեկավարը դատապարտել է ԼՂ-ում հրադադարի խախտումները

Եվրամիությունը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումը, որն ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 18-ի 00:00-ից:

«Եվրամիությունը ողջունում է մարդասիրական հրադադարի մասին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որը հաջորդել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների գործադրած ջանքերին: Սակայն խախտումները շարունակվում են, և մարտեր են ընթանում Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արդեն չափազանց մեծ տառապանք է տեսել: Հակամարտությունն արդեն հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում անթույլատրելի կորուստների: ԵՄ-ն խստորեն դատապարտում է բոլոր նման հարձակումները՝ անկախ դրանց ծագումից»,- ասվում է Բորելի հայտարարության մեջ:

Վերջինս հավելել է, որ զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելով, որ քաղաքացիական անձանց դեմ ուղղված հարձակումները պետք է դադարեցվեն: «Ես վերահաստատել եմ, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու կողմերին և ԵԱՀԿ-ին հակամարտությանը երկարատև լուծում գտնելու համար: ԵՄ-ն կշարունակի հետևել իրավիճակին»,- հավելել է գործիչը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 18-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 710 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։