գլխավոր Իրավունք «Երբ ասել եմ իմ` վզին դրած է, նկատի եմ ունեցել, որ դա...

«Երբ ասել եմ իմ` վզին դրած է, նկատի եմ ունեցել, որ դա իմ ճիտին պարտքն է, խոսքը դատաիրավական բարեփոխումների մասին է». Գագիկ Ջհանգիրյան

Պարոն Վարդազարյանը խնդրել էր ԲԴԽ անդամներին, որ իմ նկատմամբ վարույթ հարուցեն, եթե ամբողջ ձայնագրությունը հրապարակի, ապա իր համար լուրջ հետևանքներ կլինեն։

Այս մասին «Առաջին ալիքի»՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։

Հարցին, թե ինչի մասին էին իր վրա ճնշումների մասին արտահայտությունները, Գագիկ Ջհանգիրյանն ասաց.

«Երբ ասել եմ իմ վզին դրածա, նկատի եմ ունեցել, որ դա իմ առաքելությունն է, իմ կոչումն է, ոչ թե ինչ որ մեկն ինձ պարտադրել է։ Խոսքը դատաիրավական բարեփոխումների մասին է, դա իմ ճիտին պարտքն է, ստանձնել եմ կամավոր բարեփոխման ընթացքի կատարումը, ստանձնել եմ դեռ 1990 թվականից»։

Անդրադառնալով ԲԴԽ արդեն նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և իր զրույցին,որի ձայնագրությունը հրապարակել էր Վարդազարյանը, Ջհանգիրյանն ասաց.

«Սեղանի շուրջ մեր զրույցը տևել է 2 ու կես ժամ և ավելի, վստահ եմ, հենց սկզբից ձայնագրությունը կա, ուղղակի 14 րոպեն ծաղկաքաղ է արված։ Նստած են երեք տղամարդ, մենակ մեկը չի խոսում, բոլորն են խոսում, թվում է մոնոլոգ եմ ասում, տպավորիչ բառերն էլ իրար հետևից ասում եմ։ Պարոն Վարդազարյանը դիմել էր իր նկատմամբ վարույթ հարուցած ԲԴԽ անդամներին և խնդրել էր, որ իմ նկատմամբ էլ վարույթ հարուցեն։ Այդ ընկերները խնդրել են տրամադրել ամբողջ ձայնագրությունը, որ մանրամասն ուսումնասիրեն, նա հրապարակային մերժել է։ Դա տեղի է ունեցել 1 տարի 2-3 ամիս առաջ, բավականին հետաքրքիր թեմաներ կան այնտեղ, որոնք բացարձակ ձեռնտու չեն Վարդազարյանին հանրայնացնելու համար։ Եթե ամբողջական ձայնագրությունը ներկայացնի, իր համար բավականին լուրջ հետևանքներ կարող է ունենալ»։

 Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ուզում է հայցել նաև  մայրերի, կանանց, քույրերի, աղջիկների ներողամտությունը, որ հակառակ իր կամքի այլ միջավայրում, տղամարդկանց շրջապատում, փակ միջավայրում արտահայտած որոշ անվայելուչ արտահայտություններ, իր վրիպման արդյունքում հանրայնացվեցին. «Զղջում եմ դրա համար»։