գլխավոր Իրադարձային ԱՄՆ Հայաստանին 120 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի, որից 65,5 մլն դոլարը՝ ժողովրդավարական...

ԱՄՆ Հայաստանին 120 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի, որից 65,5 մլն դոլարը՝ ժողովրդավարական բարեփոխումների համար

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշեց, որ զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանին ժողովրդավարության և տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացին:

«ԱՄՆ ՄԶԳ-ի ընդհանուր նախատեսված ներդրումը նպատակներին հասնելու համար կազմում է 120 000 000 ԱՄՆ դոլար, որը կհատկացվի մասնաբաժիններով։ ԱՄՆ ՄԶԳ-ն նախատեսում է բաշխել իր ընդհանուր ներդրումը հետևյալ կերպ. 68 565 000 ԱՄՆ դոլար՝ ժողովրդավարության խթանման, 51 435 000 ԱՄՆ դոլար՝ տնտեսական անվտանգության բարելավման համար»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Ժողովրդավարության խթանման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում, արդարադատության, պետական կառավարման համակարգի բարեփոխումներում: Փաստաթղթով նախատեսված գործողությունները միտված են լինելու մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղաքական հաշվետվողականության ինստիտուտների հզորացմանը, ընտրական ու քաղաքական գործընթացներում բարեվարքության պահպանմանը, երկրում արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու կարողությունների ամրապնդմանը:

Տնտեսական անվտանգության բարելավման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի պետական հատվածին՝ ստեղծելու արդյունավետ և գործող համակարգեր, կաջակցի ներառական և տնտեսական ռազմավարությունների իրականացմանը, կօժանդակի արդյունավետ ներդրումների համար կապիտալ միջոցների բացահայտմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա շատ կարևոր համաձայնագիր է, սպասվում է 120 մլն ԱՄՆ դոլարի ներդրում ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական անվտանգության, ինստիտուցիոնալ զարգացման ոլորտներում: