գլխավոր Իրադարձային Հայաստանը բանակցում է APM-ի հետ, որ հայկական լաստանավի նկատմամբ սանկցիաներ չկիրառվեն

Հայաստանը բանակցում է APM-ի հետ, որ հայկական լաստանավի նկատմամբ սանկցիաներ չկիրառվեն

Հայաստանի կառավարությունը բանակցում է Վրաստանի Փոթիի նավահանգիստը շահագործող հոլանդական APM ընկերության հետ, որպեսզի հայկական լաստանավային փոխադրումների նկատմամբ սահմանափակումներ չկիրառվեն։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«APM–ը, հանդիսանալով աշխարհի խոշորագույն նավային ընկերություններից մեկը, ևս սանկցիաներ ունի կիրառած Ռուսաստանի դեմ։ Հիմա մենք բանակցում ենք, որպեսզի մեր լաստանավերի վրա այդ սանկցիաները չկիրառվեն։ Եվ, ըստ էության, իրենք իրավունք էլ չունեն»,– ասաց Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարը հայտնեց նաև, որ APM ընկերությունը հայաստանյան լաստանավին Փոթիի նավահանգստում աշխատելու թույլտվություն առ այսօր չի տրամադրել։

Վրացական «Փոթի» ու ռուսական «Կովկաս» նավահանգիստների միջև կանոնավոր լաստանավային հաղորդակցության մեկնարկը պետք է տրվեր հունիսի 15-ին։Հունիսի 17-ին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ մեկնարկը հետաձգվել է տեխնիկական պատճառներով:

Նույն հարցազրույցում նախարարը նաև ասել էր, որ եթե Փոթիի տարբերակը չհաջողվի, Հայաստանն ունի «Բ» պլան. լաստանավը կգործարկվի Բաթումիի նավահանգստից, թեև Փոթին ավելի մոտ է ու ավելի հարմար հաղորդակցության համար: