գլխավոր Իրադարձային Ցուցանակ է դրված ճանապարհին 62 տեղից ճմրթած, ժապավենը՝ 62 թվից մնացած, նշանները՝...

Ցուցանակ է դրված ճանապարհին 62 տեղից ճմրթած, ժապավենը՝ 62 թվից մնացած, նշանները՝ տրակտորի տակ ընկած, բետոնե կտորները՝ 2–րդ համաշխարհայինից մնացած․ Նիկոլ Փաշինյանը՝ ճանապահաշինության մասին

Համայնքներում ճանապարհների կառուցմանը զուգահեռ պետք է բարձր մակարդակի վրա դրվեն դրանց սպասարկման աշխատանքները: ՀՀ կառավարության նիստում սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացի բարելավման հարցը քննարկելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փողոցը պետք է լինի մաքուր` անկախ նրանից, դա գյուղում է, թե քաղաքում:

Ըստ Փաշինյանի՝ փոքր ու մեծ խնդիրները իրար հետ կապ ունեն․« Ասում ենք՝ դե գյուղ տեղ է, ինչ պարտադիր է, որ կանայք բարձրակրունկ հագնեն, թող «սապոկով» գնան, գան, օրինակ։ Սրանք իրար հետ ուղիղ կապ ունենք, հարցեր կան, զարմանալիորեն, ինչ դժվար են լուծվում։ Գնում ենք մի տեղ․ ճանապարհին մի ծրագիր է իրականացվում, շրջանցիկ ճանապարհ կա, բնականաբար նշաններ են դրած՝ արագության սահմանափակում, շրջանցում, ժապավենով փակած։ Հիմա այդ ընկերությունը այդ ծրագրով, եթե ես ճիշտ գիտեմ, միլիոններ է աշխատում, բայց այդ ցուցանակը, որի վրա գրած է՝ շրջանցիկ ճանապարհ, երևի մի 62 տեղից ճմրթած, այն ժապավենը, որով փակված է, երևի 62 թվից որքան շինարարություն են արել, այդ նույն ժապավենով է եղել, ճանապարհային նշանները տրակտորի տակ ընկած, բայց դա հարգանք է, չէ՞, ճանապարհն անցնողի նկատմամբ։ Ճանապարհը փակած է բետոնե կտորներով, որոնք երևի համաշխարհային երկրորդ պատերազմից են մնացել։ Լսեք, նայում ես, չես հասկանում։ Միլիոններ են աշխատում, 50000 դրամ դժվա՞ր է, սա աշխատանքի պարզ կուլտուրա է»։

Ըստ նրա՝ հիմա կառավարությունը միլիոններ է ծախսում, փողոց է կառուցում և դա շարունակելու են, սակայն մյուս կողմից էլ անձրև է գալիս, քամին է ինչ-որ բան բերում, և դա պետք է մաքրել:

«Եթե չանենք, ապա վեց ամսից հետո, մեկ տարի հետո այդ լավ արված ասֆալտի վրա 10 սմ ցեխ է առաջանալու»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ համայնքների հետ պետք է աշխատել այդ խնդիրը լուծելու համար:

ՀՀ վարչապետի խոսքով՝ նույնիսկ եթե համայնքում ընդամենը մեկ փողոց է ասֆալտապատված, միևնույն է, այն պետք է մաքրվի և պատշաճ սպասարկվի: