գլխավոր Իրադարձային Ուղիղ հեռարձակում, գրչից հրաժարում. «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ են առաջարկվում

Ուղիղ հեռարձակում, գրչից հրաժարում. «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ են առաջարկվում

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթը միտված է 2020-21 թվականների բարեփոխումներից հետո ի հայտ եկած խնդիրները լուծելուն։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը։

«Երբ ներդրվեց համամասնական ընտրակարգը, ՏԻՄ ընտրություններում առաջարկվեց առանձին քվեաթերթիկներով ընտրություն կատարել 70 000 և ավել ընտրող ունեցող համայնքներում, իսկ դրանից քիչ ընտրող ունեցող համայնքներում պահպանվեց հին մոդելը` մեկ քվեաթերթիկ, որտեղ կան բոլորի անունը, և ընտրողը գրիչով ընդհանուրի միջից մեկին է նշում։ Փորձը ցույց տվեց, որ այն համայնքներում, որտեղ տարբեր թերթիկներով էր քվեարկությունը, անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակն ավելի քիչ էր»,–ասաց Հովակիմյանը։

Ավելին, ըստ նրա, ահազանգեր կային, որ գրիչով ընտրության ժամանակ «կարուսելի» մոդելն աշխատում էր։ Հետևաբար առաջարկվում է ՏԻՄ համամասնական ընտրակարգի դեպքում անցում կատարել տարբեր քվեաթերթիկներին։

Սակայն այս դեպքում, ըստ Հովակիմյանի, տպագրական խնդիրներ են առաջանում, քանի որ չեն հասցնում այդքան թերթիկներ տպագրել, ինչի համար էլ առաջարկվում է, որպեսզի ինքնաբացարկի ժամկետը 5 օրով ավելացվի, և կուսակցությունները, առաջին երեք համարները ինքաբացարկ կարողանան հայտնել ընտրություններից 15 օր առաջ` նախկին 10-ի փոխարեն։Բացի այս, առաջարկվում է համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների ժամանակ առցանց հեռարձակում լինի, ինչը կա ԱԺ ընտրությունների պարագայում։

Հովակիմյանը նշեց նաև, որ «Վարչական դատավարության օրենսգրքում» նույնպես փոփոխություններ են առաջարկվում. մասնավորապես առաջարկվում է ավագանու առաջին նստաշրջանին վերաբերող վեճերը դիտարկել որպես ընտրական վեճեր։ Սա նշանակում է, որ 7-օրյա ժամկետում դատարանը պետք է որոշում կայացնի։ Այնինչ, ըստ Հովակիմյանի, վերջին ՏԻՄ ընտրություններից հետո եղան դեպքեր, երբ համայնքի ղեկավարի ընտրության հարցով դատական վեճն ընթացքի մեջ է։Նա հավելեց, որ նախատեսվում են նաև մի շարք այլ փոփոխություններ։