գլխավոր Մամուլի տեսություն Պայքարում եմ օրենքի գերակայության համար և աջակցում եմ հայ ազգին. նրանց պայքարն...

Պայքարում եմ օրենքի գերակայության համար և աջակցում եմ հայ ազգին. նրանց պայքարն արդար է. ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլաս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չցանկացավ խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, սակայն նշեց, թե շարունակում է կանգնած մնալ հայ ժողովրդի կողքին եւ աջակցել ի պաշտոնե: Հավելենք, որ ապրիլին Եվրախորհրդարանի պատգամավորներ Լուկաս Ֆուրլասի եւ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի նախաձեռնությամբ 43 եվրապատգամավոր՝ բոլոր գլխավոր քաղաքական խմբակցություններից, նամակ են հղել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին եւ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության բարձր ներկայացուցիչ Ժոզեփ Բորրելլին՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ։

Նրանք ԵՄ գործադիր ղեկավարներին կոչ են անում օգտագործել Եվրամիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը վերջ տա Արցախում իր ագրեսիվ քաղաքականությանը: Դիմումից ամիսներ անց եվրոպացի խորհրդարանականի տեսակետը չի փոխվել, եւ նա մեզ հետ զրույցում նորից կրկնեց, թե Եվրոպան պետք է աջակից լինի հայ ազգին եւ փորձի կարգավորել այն խնդիրները, որոնց նա հանդիպում է:

«ԻբրեւՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար՝ ես պայքարում եմ օրենքի գերակայության համար: Մեր պայքարն ընդհանուր է, սակայն ես չեմ ցանկանում խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, քանի որ դա առնչվում է երկրի քաղաքացիներին: Սակայն ես աջակցում եմ հայ ազգին, եւ նրանց պայքարն արդար է՝ կապված տարածք ներխուժման հետ (ադրբեջանական զորքերի-խմբ.)», – հավելեց նա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։