գլխավոր Հասարակություն Գիտնականները նշել են՝ օրգանիզմի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ նախաճաշից հրաժարվելը

Գիտնականները նշել են՝ օրգանիզմի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ նախաճաշից հրաժարվելը

Ճիշտ նախաճաշն օրվա լավ սկզբի կարևորագույն գործոնն է, քանի որ ապահովում է ակտիվ օրվա համար անհրաժեշտ էներգիայով, ուստի սննդամթերքի ընտրությանը հարկավոր է լրջորեն մոտենալ, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ շատ հաճախ հրաժարվում են նախաճաշից, ինչը կարող է դառնալ ոչ միայն էներգիայի պակասի, այլև առողջական մի շարք խնդիրների զարգացման պատճառ։

Ինչպես գրում է Proceedings of the Nutrition Society պարբերականը՝ վկայակոչելով Օհայո նահանգի համալսարանի գիտնականներին, այն մարդիկ, որոնք սովորաբար հրաժարվում են նախաճաշից, կարող են բախվել բավական լուրջ խնդրի՝ որոշ սննդարար նյութերի պակասի, ինչն էլ կարող է շատ վտանգավոր լինել օրգանիզմի և ինքնազգացողության համար։

Գիտնականներն ուսումնասիրել են 19 տարեկացից բարձր 30 889 ամերիկացու տվյալները, որոնք 2005-2016 թվականներին մասնակցել են National Health and Nutrition Examination Survey-ի (NHANES) անցկացրած հետազոտությանը։ Գիտափորձի շրջանակներում կամավորները պետք է շուրջօրյա հաշվետվություններ կազմեին սննդի ընդունման ժամերի մասին՝ նշելով՝ որ ժամերին են սնվում և տվյալ ժամին ընդունածը միայն խորտիկ է, թե լիարժեք ուտեստ։ Այդ կերպ գիտնականները պարզել են, թե կամավորներից քանիսն էին նախաճաշում և քանիսն էին հրաժարվում առավոտյան սննդից։

Գիտնականները պարզել են, որ նախաճաշից հրաժարվում էր 4 924 մարդ կամ մասնակիցների 15,2 տոկոսը։ Միևնույն ժամանակ նրանք նաև հաշվարկել են մարդկանց ստացած սննդարար նյութերի քանակությունը՝ հիմնվելով օգտագործվող սննդի վերաբերյալ ստացած տվյալների վրա, որից հետո դրանք համեմատել են ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի Սննդի և սննդակարգի հարցերով խորհրդի սահմանած ցուցանիշների հետ։

Արդյունքում պարզվել է, որ նախաճաշից հրաժարվողները շատ ավելի քիչ վիտամին էին ստանում, քան այն կամավորները, որոնք կանոնավոր նախաճաշում էին։ Առավել զգալի էր ֆոլաթթվի, կալցիումի, երկաթի, ինչպես նաև B2, B3, C և D վիտամինների քնակությունների տարբերությունը, մինչդեռ դրանք դասվում են մարդու օրգանիզմի համար ամենակարևոր սննդարար նյութերի շարքին։