գլխավոր Հասարակություն 5 արդյունավետ ու հասանելի միջոց լյարդի վերականգնման ու օրգանի առողջության պահպանման համար

5 արդյունավետ ու հասանելի միջոց լյարդի վերականգնման ու օրգանի առողջության պահպանման համար

Լյարդը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, որի գործառույթների խանգարումը կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ՝ խիստ բացասաբար անդրադառնալով ամբողջ օրգանիզմի վրա։ Այս օրգանը պատասխանատու է տոքսինների դուրսբերման, նյութափոխանակության կարգավորման, լեղու արտադրության ու կենսական նշանակություն ունեցող մի շարք այլ գործառույթների կատարման համար, ուստի դրա առողջության պահպանումը ևս կենսական նշանակություն ունի։ Այնուամենայնիվ այս օրգանը մշտապես ենթարկվում է տարատեսակ տոքսինների ու վնասակար նյութերի ազդեցությանը,  ինչն էլ դառնում է լուրջ խանգարումների պատճառ։

Նման վտանգավոր խնդիրներից խուսափելու և լյարդի առողջությունը պահպանելու համար մասնագետները խորհուդ են տալիս կարգավորել կենսակերպը, հրաժարվել վնասակար սովորություններից ու հարստացնել սննդակարգն օգտակար մթերքով՝ բացառելով վնասակար սննդամթերքը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունեն բավական հասանելի բնական միջոցներ, որոնք օգնում են բարելավել լյարդի առողջությունն ու կանխում են այս օրգանի ախտահարումը, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենաարդյունավետները։

Կաթնափուշ բծավոր

Այս բույսը հայտնի է որպես լյարդը պաշտպանող հզոր միջոց, սակայն դրա կիրառումից առաջ հարկավոր է հաշվի առնել, որ այն հակացուցված է հղիներին, կերակրող մայրերին և փոքր երեխաներին։ Բացի այդ, այս դեղաբույսը հակացուցված է նաև քրոնիկ հիվանդությունների սրացումների դեպքում։ Լյադի մաքրման համար խորհուրդ է տրվում կիրառել բծավոր կաթնափուշի թեյը, որն օժտված է լեղամուղ հատկություններով։ Այն կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը, նպաստում է աղիների միկրոֆլորայի կարգավորմանն ու կանխում է լեղաքարային հիվանդության զարգացումը։

Ժենշեն (կյանքի արմատ)

Ժենշենն օժտված է հակաօքսիդանտային հատկություններով, ինչի շնորհիվ օգնում է պաշտպանել վիրուսներով, տոքսիններով ու ալկոհոլով ախտահարված լյարդը և արագացնում է օրգանի բջիջների վերականգնումը հիվանդություններից կամ վիրահատություններից հետո։ Այնուամենայնիվ այս դեղաբույսն ունի նույն հակացուցումները, ինչ և վերոնշյալ բծավոր կաթնափուշը, ուստի այն ևս հարկավոր է զգուշությամբ օգտագործել։

Մատուտակի արմատ (քաղցրարմատ)

Այս բույսը հայտնի է, որպես հզոր հակաբորբոքային ու հակավիրուսային միջոց։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մատուտակի արմատի հյութահանուկը կարող է զգալիորեն նվազեցնել արյան մեջ տրանսամինազների պարունակությունը լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության դեպքում։

Սխտոր

Այս տարածված մթերքը նվազեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակն ու նպաստում է լյարդի լավ աշխատանքին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հաճախ սխտոր օգտագործող մարդկանց մոտ լյարդի ճարպային հիվանդության զարգացման հավանականությունը նվազում է 29 տոկոսով։ Ավելին՝ մեկ այլ հետազոտության արդյունքներով՝ այս մթերքը կարող է նվազեցնել անգամ քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Կոճապղպեղ

Կոճապղպեղի արմատը նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, պայքարում է խոլեստերինի մակարդակի ախտաբանական բարձրացման դեմ և նվազեցնում է բորբոքային գործընթացների մակարդակը, ինչի շնորհիվ էլ անչափ օգտակար է լյարդի համար։

Նյութի աղբյուրը՝ med-practic.com