գլխավոր Իրադարձային Պետք է խրախուսել տեղի արտադրողին․ Լապշինը՝ Հայաստանում թուրքական արտադրանքը բոյկոտելու մասին

Պետք է խրախուսել տեղի արտադրողին․ Լապշինը՝ Հայաստանում թուրքական արտադրանքը բոյկոտելու մասին

Tert.am-ը գրում է․ Ռուսական և իսրայելական քաղաքացիություն ունեցող հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է ՀՀ իշխանությունների՝ թուրքական ապրանքների ներկրման էմբարգո սահմանելու մտադրությանը՝ վերլուծելով նման իրականության դրական և բացասական կողմերը:

Լապշինի խոսքով՝ Թուրքիայում գնվող և Վրաստանի տարածքով Հայաստան բերվող  ապրանքների (հիմնականում հագուստ և կենցաղային տեխնիկա) ներկրումից հրաժարվելը կհարվածի հայ մատակարարներին, որոնք ապրանքների տեղափոխման վրա քիչ ծախսեր են անում:

«Սակայն, անկասկած, կան այլընտրանքներ: Կարելի է ապրանք բերել Ռուսաստանից, Ուկրաինայից, Չինաստանից: Չինաստանում ապրանքների արտադրությունն ավելի մատչելի է, քան Թուրքիայում, և դրանց տեղափոխումը Հայաստան շատ չպետք է ազդի գնի բարձրացման վրա», – նշել է Լապշինը՝ հավելելով, որ թուրքական ապրանքերի բոյկոտի նպատակներից մեկն այն է, որ այդ ապրանքների վրա ծախսվող գումարը չի գնա թշնամուն:

«Այստեղ կա ևս մեկ կարևոր հանգամանք: Այդ բոյկոտը պետք է առաջին հերթին խթանի, խրախուսի տեղի արտադրողին: Հայաստանում շատ լավ հագուստ են կարում: Ընտրությունը դեռ քիչ է, գները բարձր են, սակայն այդ ամենը պետք է փոխվի: Կարծում եմ՝ այժմ ճիշտ ժամանակն է սեփական արտադրողին ուշադրություն դարձնելու, որպեսզի հենց Հայաստանը տեքստիլ արտադրանք արտահանի»,- կարևորել է բլոգերը: