գլխավոր Իրադարձային Արցախի Մարտունի քաղաքում հարաբերական անդորր է հումանիտար զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո

Արցախի Մարտունի քաղաքում հարաբերական անդորր է հումանիտար զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո

 «Արմենպրես»-ը գրում է․ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ու միջազգային ահաբեկչական ցանցի կողմից աջակցվող պատերազմական գործողությունների ընթացքում հրետակոծվել են նաև Արցախի Մարտունի քաղաքն ու հարակից գյուղերը: Մեր գործընկեր Կարինե Դադամյանը նշեց, որ կեսգիշերին հումանիտար զինադադարի հաստատման պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո Մարտունիում հարաբերական անդորր է հաստատվել:

«Կեսգիշերին հայտարարված զինադադարը շատ մեր բնակչությունը մեծ ոգևորությամբ ընդունեց, սակայն, շատ լավ իմանալով թշնամու բնույթը, մի կողմից ուրախանում, մյուս կողմից՝ կասկածում էինք, որ որոշումը կյանքի կկոչվի և կլինի վերջնական: Քիչ առաջ կապվեցի Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանի հետ: Նա հայտնեց, որ, ընդհանուր առմամբ բնակավայրերում այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է: Առայժմ բնակչությանը խնդրում և հորդորում են մնալ ապաստարաններում, պահպանել զգուշավորությունը, շարժը հնարավորինս սահմանափակել: Կապվեցի նաև բարձրադիր գյուղերի համայնքների հետ, որտեղից պարզ լսվում են շարունակվող հրետակոծության պայթյունների ձայներ:Մեր բնակչությունը շարունակում է սպասել իրական և վերջնական հրադադարին ու վերջնական հաղթանակին»,- ասաց Դադամյանը:

Մեր գործընկերը նշեց, որ ժամը 14:00-ի դրությամբ` Մարտունու շրջանում և քաղաքում շարունակում է գործել էլեկտրականությունը, անխափան գործում է կապը, ջրամատակարարումը, մասնակի է գործում գազամատակարարումը: