գլխավոր Իրադարձային ԱՄՆ նախագահի վարչակազմը պետք է զսպի Էրդողանի վտանգավոր խաղերը․ The National

ԱՄՆ նախագահի վարչակազմը պետք է զսպի Էրդողանի վտանգավոր խաղերը․ The National

The National թերթը գրում է․ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն, ըստ երևույթին, անելանելի դրության մեջ է դրել ԱՄՆ-ին, որը փորձում է չեզոք դիրք գրավել հակամարտության հարցում, սակայն ԱՄՆ ընտրությունների նախաշեմին գրեթե 1,5 միլիոն ամերիկահայեր ընտրողների կողմից ճնշումը կարող է թանկ արժենալ այդ դիրքորոշման վրա։

Անդրադառնալով ԼՂ և մի շարք այլ հակամարտություններում Էրդողանի մասնակցությանը, հոդվածագիր Ռաղիդա Դերգամը նշում է, որ «Էրդողանն իր եսասիրության, նեոօսմանական և ծավալապաշտական քաղաքականության համար իրեն շրջապատել է ատելության և թշնամանքի օղակով, սակայն նրան, կարծես թե, ոչինչ չի կանգնեցնում»։

Նրա խոսքով՝ Էրդողանը հույսը դրել է այն հանգամանքի վրա, որ «Եվրոպան այժմ պառակտված է, իսկ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններով», ուստի հանգել է այն եզրակացությանը, որ ոչ մի տերությունը՝ ո՛չ Իրանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ ԱՄՆ-ն չեն ցանկանա պատերազմել իր հետ։

«Սակայն նրա ամբարտավությունը և վարձկանների օգտագործումը կարող է նրան պատասխան հարվածի կամ պատասխանատվության ենթարկել։ Արտասահմանյան արկածախնդրությունները նրան պետք են, որպեսզի հանրությանը շեղեն իր երկրի ներսում անհաղթահարելի ներքաղաքական և տնտեսական ճգնաժամերից։ Բայց ինչ-որ մեկը պետք է նրան հիշեցնի, որ այսօրվա հաշվարկները վաղը կարող են պտուղ չտալ»,- ընդգծում է հոդվածագիրը։

Նրա խոսքով՝ «ԱՄՆ նախագահը պետք է րոպե հատկացնի Լեռնային Ղարաբաղի վտանգավոր իրադարձությունները դիտարկելու համար, որտեղ դիվանագիտական լուծման հույսը քիչ է, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը պնդում են ռազմական լուծում՝ կարծելով, որ իրենց նպատակին հասնելու համար դա վերջին շանսն է»:

Հոդվածի հեղինակի համոզմամբ՝ Թրամփի վարչակազմը պետք է զսպի Էրդողանի վտանգավոր խաղերը: Վարչակազմը պետք է ճնշում գործադրի նաև ՆԱՏՕ-ի իր գործընկերների վրա, որպեսզի նրանք նույնպես կոշտ դիրքորոշում որդեգրեն Թուրքիայի նկատմամբ, որն անտեսում է կազմակերպության իր դաշնակիցների շահերը։