գլխավոր Իրադարձային Իրանը կրկին կկարողանա գնել և վաճառել զրահամեքենաներ, մարտական ինքնաթիռներ և ծանր հրետանի․...

Իրանը կրկին կկարողանա գնել և վաճառել զրահամեքենաներ, մարտական ինքնաթիռներ և ծանր հրետանի․ Մոհամադ Ջավադ Զարիֆ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 13 տարի առաջ Իրանի դեմ սահմանված սպառազինությունների էմբարգոն պաշտոնապես ավարտվում է հոկտեմբերի 18-ին: Իրանը կրկին կկարողանա գնել և վաճառել այնպիսի զենքեր, ինչպիսիք են զրահամեքենաները, մարտական ինքնաթիռները և ծանր հրետանին:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «Թվիթեր»-ի իր էջում այդ առնչությամբ գրել է. «Աշխարհի հետ Իրանի պաշտպանական համագործակցության կարգավորումն այսօր հաղթանակ է մեր տարածաշրջանում բազմակողմանիության, խաղաղության ու անվտանգության համար»:

ՄԱԿ-ի կողմից զենքի վերաբերյալ էմբարգոն ավարտվել է՝ համաձայն 2015 թվականի Իրանի և համաշխարհային տերությունների միջուկային գործարքի համաձայնագրի։ Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «երկրից ներս ու դուրս զենքի տեղափոխման, դրան առնչվող գործողությունների և ֆինանսական ծառայությունների բոլոր սահմանափակումներն ինքնաբերաբար դադարեցվում են»: Զենքի էմբարգոյի վերացմանն ընդդիմացել է ԱՄՆ-ը։