
ria.ru-ն հայտնում է․ Թուրքիան լուրջ ռազմավարական սխալ թույլ կտա, եթե ընդունի Ուկրաինայի՝ այսպես կոչված «Ղրիմյան հարթակի» մեջ մտնելու առաջարկը, հայտարարել է Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը։
«Եթե Թուրքիան իսկապես միանա, այսպես կոչված, Կիևի «Ղրիմյան հարթակ» նախագծին, որն, ըստ էության, հակաղրիմյան միություն է, որը թշնամաբար է տրամադրված ղրիմցիների նկատմամբ, ապա լուրջ ռազմավարական սխալ թույլ կտա», – «ՌԻԱ Նովոստիին» ասել է Գեմպելը:
Նրա խոսքով՝ «ի դեմս Ռուսաստանի Թուրքիան կարող է ոչ միայն կորցնել հուսալի գործընկերոջ, այլև դադարել գրավիչ վայր լինել ռուս զբոսաշրջիկների համար»:
«Վստահ եմ, որ Ղրիմը մոտ ժամանակներս ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար, քան թուրքական հանգստավայրերը»,- ընդգծել է Գեմպելը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է մասնակցել «բռնագրավված» Ղրիմի ապաշրջափակման վերաբերյալ հարթակին: Թուրքական կողմը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին:
Այս մասին պատմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Զելենսկիի խոսքով՝ ինքն Էրդողանին հրավիրել է մասնակցել Ղրիմի ապաշրջափակման վերաբերյալ հարթակին, և Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել նոր բանակցային ձևաչափին:
«Ես Թուրքիային հրավիրել եմ միանալ Ղրիմյան հարթակին: Դա ղրիմցիների իրավունքների պաշտպանության և թերակղզու ապաշրջափակման գործիք է: Շնորհակալ եմ ձեզ, պարոն նախագահ, որ պատրաստ եք աջակցել և լինել ակտիվ մասնակից»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը:
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է լուրջ դերակատարում ունենալ Ղրիմն Ուկրաինայի կազմ վերադարձնելու գործընթացում, այդ պատճառով էլ Կիևը մտադիր է առաջարկել Անկարային մասնակցել Ղրիմյան հարթակին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ուկրաինայի նախագահն այցով գտնվել է Թուրքիայում: Նա բանակցություններ է ունեցել Էրդողանի հետ, որոնց արդյունքների հիման վրա Կիևի և Անկարայի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր է ստորագրվել: