գլխավոր Без рубрики Էրդողանը բռնություններ է հրահրում և խարխլում է հրադադարի ձեռքբերմանն ուղղված դիվանագիտությունը․ The...

Էրդողանը բռնություններ է հրահրում և խարխլում է հրադադարի ձեռքբերմանն ուղղված դիվանագիտությունը․ The National Interest

The National Interest-ը գրում է․ Լեռնային Ղարբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմն ավելի մահաբեր և դժվար լուծելի է դարձել Թուրքիայի անմիջական մասնակցության պատճառով․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բռնություններ է հրահրում և խարխլում է հրադադարի ձեռքբերմանն ուղղված դիվանագիտությունը։

Ինչպես նշում է հոդվածագիր Դեյվիդ Ֆիլիպսը, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների ավարտից հետո Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է գերժամանակակից զենքեր, որոնք այժմ օգտագործվում են մարտական գործողություններում:

«Էրդողանը ձգտում է վերականգնել Թուրքիայի ազդեցությունը նախկին Օսմանյան տարածքների վրա։ Թուրքական զորքերը տեղակայվում են Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Սոմալիում։ Նրա ռազմանավերը Միջերկրական ծովի արևելյան մասում մարտահրավեր են նետում Հունաստանին, Կիպրոսին և Իսրայելին»,- գրում է հոդվածագիրը՝ ընդգծելով, որ Թուրքիան արտաքին պատերազմներին մասնակցությամբ փորձում է նաև ճնշել իր երկրի ներսում աճող ներքին անկարգությունները։

Ինչպես նշում է հոդածի հեղինակը, «Թուրքիայի կողմից աջակցվող հատուկջոկատայինները մտել են հայկական Հադրութ քաղաք և սպանել առնվազն չորս խաղաղ բնակչի։ Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է քաղաքացիական օբյեկտների անխնա ռմբակոծությունները, կիրառում միջազգային հանրության կողմից դատապարտված կասետային ռումբեր: Այս վայրագությունները, որոնք ընդգծված են Էրդողանի «Կովկասում մեր պապերի առաքելությունը կատարելու» խոստումով, ցույց են տալիս, որ մենք գտնվում ենք հերթական Հայոց ցեղասպանության եզրին»։

Խոսելով Թուրքիայի սանձազերծ պահվածքի մասին՝ հոդվածագիրը նշում է, որ այդ երկիրը «վաղուց ձեռքը թափահարել է ԵՄ-ի վրա և այժմ բացահայտորեն անտեսում է ՆԱՏՕ-ի խնդրանքը»։

«ՆԱՏՕ-ն ավելին է, քան անվտանգության դաշինքը։ Այն ընդհանուր արժեքներ ունեցող երկրների կոալիցիա է։ Եթե Թուրքիան այսօր հայտ ներկայացներ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, նրա հայտը անհապաղ կմերժվեր»,- գրում է նա՝ ընդգծելով, որ Թուրքիային սանձելու և Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար Միացյալ Նահանգները պետք է ավելի վճռականորեն աջակցի Մինսկի խմբին, իսկ բանակցություններին պետք է մասնակցեն մաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։

Նրա խոսքով՝ Թուրքիան պետք է բացառվի ցանկացած միջնորդական դերակատարությունից։ 

«Սակայն պարզ չէ, արդյո՞ք Թրամփի վարչակազմը պատրաստ է ձեռնարկել այդ հրատապ քայլերը։ Նախագահ Դոնալդ Թրամփը ոչ թափանցիկ գործարար կապեր ունի ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում։ Նա միլիոնավոր դոլարներ է ստացել Թուրքիայում արտոնագրված համաձայնագրերից, ինչպես նաև ադրբեջանցի օլիգարխներից հոնորարներ»,- նշում է հոդվածի հեղինակը՝ ընդգծելով, որ հաշվի առնելով իր ֆինանսական պահանջները՝ Թրամփը, հնարավոր է, չի ցանկանում ԱՄՆ-ի ազգային շահերը վեր դասել իր անձնական ֆինանսական շահերից։