գլխավոր Իրադարձային Պատերազմում թիկունքը հաղթանակի կեսն է․ Վարդան Պետրոսյանի «Վերելք»-ը կներկայացվի Գյումրիում և Երևանում

Պատերազմում թիկունքը հաղթանակի կեսն է․ Վարդան Պետրոսյանի «Վերելք»-ը կներկայացվի Գյումրիում և Երևանում

Հայոց բանակին քաջալերելու, հայ հասարակության ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով դերասան Վարդան Պետրոսյանը Գյումրիում և Երևանում կներկայացնի թատերասերների կողմից սիրված «Վերելք» բեմադրությունը:

Հանդիսատեսն այն կարող է դիտել հոկտեմբերի 23-24-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և հոկտեմբերի 26-27-ին Երևանում՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Այս մասին Վարդան Պետրոսյանը հայտնում է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում:

«Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես ասել է հայ մեծ զորավար Մարշալ Հովհաննես Բաղրամյանը, պատերազմում թիկունքը հաղթանակի կեսն է: Մենք պարտավոր ենք ամուր թիկունք լինել մեր բանակի համար, ամուր ֆիզիկապես և հոգեպես: Եվ այս դժվար ու ծանր օրերին կատարելով մեր հայրենասիրական պարտքը, քաղաքացիական պարտքը՝ մեր բանակի հանդեպ ամուր թիկունք կանգնելու համար Գյումրու պետական թատրոնի հետ որոշեցինք աշխատել նաև ստեղծագործական ճակատում՝ բեմում: Որքան էլ որ հոգեբանորեն դժվար էր մեզ համար, որոշեցինք աշխատել, բարձրացնել թիկունքի մարդկանց մարտական ոգին, ներշնչել, ոգեշնչել ի հաղթանակ և մարդկանց պայքարելու, ապրելու ուժ տալ»,-նշում է արտիստը:

Խոսելով «Վերելք» ներկայացման բովանդակության մասին՝ Վարդան Պետրոսյանը հիշեցնում է, որ այն վկայություն է Հայոց ցեղասպանության մասին, Կոմիտասի հանճարի, հայ ժողովրդի տառապանքի, աննկուն կամքի, հերոսական անցյալի և հատկապես այսօրվա աննկարագրելի, անհավատալի հերոսությունների մասին:

«Մենք հաղթում ենք Աստծո զորությամբ, հաղթում ենք մեր հերոսների բազկի ուժով ու մեր միասնականությամբ»,- ասում է Պետրոսյանը: