գլխավոր Իրադարձային Այս պատերազմում եզդի ու հայ չկա, այս պատերազմում բոլորը մենք ենք․ պատգամավոր...

Այս պատերազմում եզդի ու հայ չկա, այս պատերազմում բոլորը մենք ենք․ պատգամավոր Ռուստամ Բաքոյան

Եզդիական ջոկատը Արցախում առանց մի քայլ նահանջի կանգնած է առաջնագծում, մարտական ոգին բարձր է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Մարտական ոգին բարձր է, մեր տղաները դուխով, ուժեղ, առանց մի քայլ նահանջի կանգնած են սահմանին»,-ասաց Բաքոյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչը ստիպեց եզդիներին ինքնակազմակերպվել, ջոկատ կազմել ու գնալ Արցախ՝ Բաքոյանը պատասխանեց, որ ապրելու, գոյություն ունենալու համար պետք է պատրաստ լինել նաև կռվելու, պատերազմելու:

«Հենց սա էլ թույլ տվեց, որ ինքնակազմակերպվենք ու մեր ներկայությունն ունենանք մեր հայրենիքի սահմաններին: Այս պատերազմում եզդի ու հայ չկա, այս պատերազմում բոլորը մենք ենք»,-նշեց Բաքոյանը: Խոսելով ադրբեջանական կողմից կռվող սիրիացի վարձկանների մասին՝ նա շեշտեց. «Այդ խուժանները կռվելու ունակ չեն, նրանց շատ ավելի հեշտ ու արագ կարող ենք ոչնչացնել ու հիմա ոչնչացնում ենք»:

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ի երեկոյան եզդիական Ակնալճի սրբատեղիում եզդիները ջոկատ էին ձևավորել՝ Արցախ մեկնելու: ԱԺ ամբիոնից Ռւստամ Բաքոյանը շեշտել էր, որ եզդիները պատրաստ են պաշտպանելու ընդհանուր սահմանը՝ ինչպես դա արեցին Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Նա նշել էր, որ եզդիներն ու հայերը երկու ազգ են, բայց մի ժողովուրդ: Եզդիական համայնքը մշտապես կանգնած է եղել և հիմա էլ կանգնած է հայ ժողովրդի կողքին: Պատգամավորը նկատել էր, որ Ադրբեջանն իր ազգային փոքրամասնություններին ստիպելով մղում է առաջնագիծ, իսկ եզդիները Հայաստանում ինքնակամ ցանկանում են պաշտպանել ընդհանուր սուրբ հողը, հայրենիքը, որի ամեն սանտիմետրը եզիների համար սուրբ է ու թանկ: Բաքոյանը ԱԺ ամբիոնից Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի վարձկան ահաբեկիչներին հիշեցրել էր նաև, որ եզդիները պարտք ունեն և այդ պարտքը մարտի դաշտում նրանց տալու են՝ 2014-ին Սինջարում եզդիների ցեղասպանության համար: