գլխավոր Իրադարձային Ֆրանսիայից ժամանած բժիշկները մեկնում են, բայց պատրաստ են կրկին Հայաստան գալ և...

Ֆրանսիայից ժամանած բժիշկները մեկնում են, բայց պատրաստ են կրկին Հայաստան գալ և անհրաժեշտ բժշկական միջամտություններ կատարել

Հայաստան ժամանած ֆրանսիացի բժիշկների խումբը հոկտեմբերի 18-ին կվերադառնա Ֆրանսիա. Ֆրանսիայից ժամանած վիրաբույժներն ու բուժքույրերը հոկտեմբերի 13-ից կամավորական հիմունքներով աշխատել են Երևանի, Գորիսի ու Ստեփանակերտի հիվանդանոցներում, աջակցել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու հարցում:

Նրանք Հայաստանում են ֆրանսահայ բժիշկ Լևոն Խաչատրյանի հրավերով։ Լևոն Խաչատրյանը, «Արմենպրես»-ին հայտնել է, որ խմբի որոշ անդամներ ունեն  պատերազմական գոտիներում աշխատելու փորձ։  «Մեր թիմը  ունի ռազմական վիրաբուժության փորձ, քանի որ թիմի որոշ անդամներ եղել են պատերազմական գոտիներում: Ինձ  թվում է ինչ-որ չափով օգուտ տվեցինք, թե՛ մեր գործընկերներին, թե՛ վիրավորներին»,-ասում է սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը: 

Անդրադառնալով  վիրավորների  վիճակին՝ նա տեղեկացրեց, որ շատերին երկարատև  բուժում է հարկավոր: «Մեր թիմը  ունի ռազմական վիրաբուժության փորձ, քանի որ թիմի  որոշ անդամներ եղել են պատերազմական գոտիներում»-  նշեց վիրաբույժ Լևոն Խաչատրյանը:

Նրան զարմացրել է վիրավոր զինվորների հպարտ կեցվածքը. շատերը հնարավորինս արագ մարտի դաշտ վերադառնալու ցանկություն են հայտնել:

Լևոն Խաչատրյանը հայտնեց, որ ֆրանսիացի բժիշկների խումբը ցանկություն ունի նորից վերադառնալ Հայաստան: «Վիրավորներից շատերը դեռ երկար են բուժվելու. նրանց կյանք վերադարձնելու համար բազմաթիվ բժշկական միջամտությունների կարիք կա: Մեր գործընկերների հետ եկանք համաձայնության, որ մոտ ապագայում նորից կայցելեն Հայաստան՝ անհրաժեշտ բժշկական միջամտություններ կատարելու համար»,- նշեց Լևոն Խաչատրյանը: