գլխավոր Գլխավոր ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը ՌԴ ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել  Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի արցախյան այցի առնչությամբ, ՌԻԱ Նովոստիին են հայտնել ադրբեջանական դիվանագիտական առաքելությունից։

Ավելի վաղ Ադրբեջանը Միլոնովին ներառել էր իր «սև ցուցակում» Բաքվի հետ արցախյան այցը չհամաձայնեցնելու պատճառով։  Պատգամավորը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ ԼՂՀ այցելել է մարդասիրական նպատակներով։

«ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի կողմից` Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտմամբ ադրբեջանական բռնազավթված տարածքներ ապօրինի այցի կապակցությամբ, Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությանը», – հայտարարել են դիվանագիտական առաքելությունում։

Բաքուն 2013 թվականին հրապարակել է այն օտարերկրացիների «սև ցուցակը», որոնք առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու այցելել էին ԼՂՀ տարածք։ Ցուցակում ընդգրկված անձանց մուտքն Ադրբեջան արգելված է։ Ցուցակը ժամանակ առ ժամանակ թարմացվում է։

Ինքը` Միլոնովը, մեկնաբանելով իր ընդգրկվելը «սև ցուցակում», ասել է, որ այդպիսով Բաքուն ցուցադրում է ԼՂՀ–ում իրավիճակի հետագա սրացման իր ցանկությունը։