գլխավոր Գլխավոր Արսեն Թորոսյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ

Արսեն Թորոսյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ

Նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին առողջապահության ոլորտում բազմակողմ օգնության համար, մասնավորապես, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ուղղությամբ կատարվող շարունակական աշխատանքներում։

Թորոսյանը նաև հայտնել է, որ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) կողմից շուտով Հայաստանին կտրամադրվի ևս մեկ շարժական լաբորատորիա։

Հանդիպման ընթացքում նախարար Թորոսյանն անդրադարձել է նաև արցախյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին։ Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերի համար։

«Այնպես է ստացվել, որ այս պահին մեր առողջապահական համակարգն աշխատում է 3 ուղղությամբ. առաջին ուղղություն` պլանային միջոցառումներ (բուժօգնություն, ծննդօգնություն, իմունականխարգելում և այլն), երկրորդ` կորոնավիրուսային համավարակ, որն աճի միտում է ցուցաբերում վերջին շրջանում ինչպես մեզ մոտ, այնպես էլ` ողջ աշխարհում: Եվ երրորդ` հաշվի առնելով ռազմական գործողությունների հետևանքով Արցախի առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, Հայաստանի առողջապահական ոլորտը նաև տրամադրում է համապատասխան աջակցություն՝ ծանրաբեռնվածության թեթևացման նպատակով»,- ասել է նախարարն ու հավելել՝ թեպետ ծանրաբեռնվածությունը շատ է, որոշակի դժվարություններ են առաջանում, բայց հաջողվում է հաղթահարել դրանք։

Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ամրապնդելու առողջապահության ոլորտում համագործակցությունը: