գլխավոր Իրադարձային Ռուսաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերներ չեն. Մոսկվայում արձագանքել են Ղրիմի «բռնակցման» վերաբերյալ...

Ռուսաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերներ չեն. Մոսկվայում արձագանքել են Ղրիմի «բռնակցման» վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմը ռուսական տարածք չճանաչելու մասին հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Ռուսաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերներ չեն:

Ինչպես նշում է EAdaily-ն, նման կարծիք է հայտնել ռուս սենատոր, Դաշնային խորհրդի՝ տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն իր թելեգրամյան ալիքում:

«Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա Էրդողանը խոստացել է Ուկրաինայի հետ «աջակցել Ղրիմի թաթարներին», Էրդողանն իր օրակարգն ունի: Ոչ մի «միության» մասին խոսք անգամ լինել չի կարող»,- գրել է սենատորը:

Վերջինիս հետ համակարծիք է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան: Ընդ որում՝ նա նշել է, որ Էրդողանի խոսքերը «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու» մասին, ներառյալ Ղրիմը, ոչ մի կերպ չեն կարող ազդել այն բանի վրա, որ տվյալ շրջանը Ռուսաստանի մաս է կազմում:

Չեպան ընդգծել է, որ Թուրքիայի նախագահի հենց նման հայտարարություններն են ցուցադրում նրա՝ Ռուսաստանի գործընկեր լինելու «հուսալիությունը»: Նրա կարծիքով, Էրդողանի դիրքորոշումը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար և թելադրված է եղել ակնթարթային նկատառումներով:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է մասնակցել «բռնագրավված» Ղրիմի ապաշրջափակման վերաբերյալ հարթակին: Թուրքական կողմը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին:

Այս մասին պատմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Զելենսկիի խոսքով՝ ինքն Էրդողանին հրավիրել է մասնակցել Ղրիմի ապաշրջափակման վերաբերյալ հարթակին, և Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել նոր բանակցային ձևաչափին:

«Ես Թուրքիային հրավիրել եմ միանալ Ղրիմյան հարթակին: Դա ղրիմցիների իրավունքների պաշտպանության և թերակղզու ապաշրջափակման գործիք է: Շնորհակալ եմ ձեզ, պարոն նախագահ, որ պատրաստ եք աջակցել և լինել ակտիվ մասնակից»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է լուրջ դերակատարում ունենալ Ղրիմն Ուկրաինայի կազմ վերադարձնելու գործընթացում, այդ պատճառով էլ Կիևը մտադիր է առաջարկել Անկարային մասնակցել Ղրիմյան հարթակին: