գլխավոր Գլխավոր ՄԱԿ-ն արձագանքեց. դատապարտել են ու վիրավոր երեխաներին տեսակցել

ՄԱԿ-ն արձագանքեց. դատապարտել են ու վիրավոր երեխաներին տեսակցել

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին։ Տեղեկությունը հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունը Ֆեյսբուքի պաշտոնական էջում։ Ըստ այդմ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են երեկ այցելել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը և Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը։

Այս պահին Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում են բուժում ստանում Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված մի քանի երեխաներ։ Օրեր առաջ բուժկենտրոն տեղափոխվեց նաև Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում ստացած տղան։

«Այցի ընթացքում պրն. Շարփը ծանոթացել և շփվել է Նարեկի, Ռուբենի և Արծվիկի հետ, բոլորը տարբեր տարիքի՝ 2-ից 14: Նարեկը պատմեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին վիրավորում ստանալու հանգամանքները: Նա նաև պատմեց իր հետաքրքրությունների մասին, այդ թվում՝ շախմատի և մաթեմատիկայի: Բացահայտեցին որ երկուսն էլ շուն են սիրում, փոխանակեցին իրենց շների նկարները և պայմանավորվեցին խաղալ շախմատ, երբ Նարեկը լիովին ապաքինվի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված Ռուբենը նոր է սկսում խոսել, ուստի երեխայի հետ կատարվածի մասին պատմել է նրա մայրը, որը նույնպես վիրավոր է:

«Ես և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից»,- իր այցի ժամանակ շեշտել է Շոմբի Շարփը:

Այցն իրականացվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի և ՀՀ Առողջապահության նախարարության սերտ համագործակցության արդյունքում։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը պատրաստ է անհրաժեշտության և կոչի դեպքում մարդասիրական օգնություն տրամադրել նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները կամ տուժել են այլ կերպ:

Հիշեցնենք՝ երեկ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ։ Մասնակիցներին զայրացրել էր պատերազմական այս օրերի ընթացքում գրասենյակի լռությունը։ Հատկապես վրդովված էին, որ Ադրբեջանում խաղաղ բնակիչների զոհվելու դեպքերը ՄԱԿ-ը դատապարտել էր, փոխարենը չի արձագանքում այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում Արցախում ու նաև Հայաստանում։