գլխավոր Քաղաքականություն ՀՀ դեսպանը Բելառուսի խորհրդարանի հանձնաժողովի ղեկավարների հետ խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

ՀՀ դեսպանը Բելառուսի խորհրդարանի հանձնաժողովի ղեկավարների հետ խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Բելառուսի խորհրդարանի վերին պալատի միջազգային գործերով և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ռաչկովի և էկոնոմիկայի, բյուջեի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նախագահ Տատյանա Ռունեցի հետ:

Հանդիպմանը դեսպանը բելառուս սենատորներին, որոնք հանդիսանում են համապատասխանաբար ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հետ կապերի իրականացման հարցերով ազգային պատվիրակությունների ղեկավարության անդամներ, ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ռազմաքաղաքական անմիջական աջակցությամբ և Մերձավոր Արևելքից ներգրավված գրոհայինների մասնակցությամբ, սանձազերծած ագրեսիայով պայմանավորված իրավիճակի շուրջ վերջին զարգացումները։

Զրուցակիցների ուշադրությունն է հրավիրվել նաև ադրբեջանական կողմի՝ նախկինում ձեռք բերված հրադադարի լիակատար անտեսման և ռազմական սադրիչ գործողությունների շարունակման վրա, որոնց ընթացքում թիրախավորվել են ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի բնակավայրերը:

Մշտական հանձնաժողովների ղեկավարները իրազեկվել են միջազգային արձագանքի, ինչպես նաև մի շարք երկրների ազգային խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերի և Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան դատապարտող հայտարարությունների մասով: