գլխավոր Քաղաքականություն Հայերեն գրություններով 700-ամյա եկեղեցիներ եմ տեսել, հայերը փորձում են պաշտպանել իրենց բնակավայրերը...

Հայերեն գրություններով 700-ամյա եկեղեցիներ եմ տեսել, հայերը փորձում են պաշտպանել իրենց բնակավայրերը հակառակորդի հարձակումից. անկախ լրագրողը մանրամասներ է պատմել Արցախից (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուսաբանող անկախ լրագրող Փեթրիք Լանքասթերը Reporterfy Media լրատվականին տված հարցազրույցում խոսել է Ստեփանակերտում և հարակից շրջաններում ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին։ 

Լանքասթերը սկզբում համառոտ կերպով ներկայացրել է ԼՂ հակամարտությունը՝ նշելով, որ տարածքում դարեր շարունակ հայեր են ապրել, ինչի վկայությունն են հայերեն գրություններով 700-ամյա եկեղեցիները, ուստի՝ հայերն այժմ փորձում են պաշտպանել իրենց բնակավայրը հակառակորդի հարձակումից։ 

Այնուհետև Լանքասթերը նշել է, որ հրադադարից հետո քաղաքում հարաբերական հանգիստ է տիրում՝ չնայած, որ հրետակոծություններ նույնպես լինում են։ Reporterfy Media-ի հաղորդավարն ավելի ուշ Լանքասթերի՝  Ստեփանակերտի հրետակոծության տեսանյութերից մեկն է ցուցադրել։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 16-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 21 ինքնաթիռ, 181 անօդաչու թռչող սարք, 552 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 633 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 33 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախ: