գլխավոր Գլխավոր Զգում էի, որ մահանում եմ. ռուս լրագրողը պատմել է իր վիրավորվելու մասին

Զգում էի, որ մահանում եմ. ռուս լրագրողը պատմել է իր վիրավորվելու մասին

Ռուս լրագրող Յուրի Կոտենոկը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Շուշիի եկեղեցում պատահածի և իր վիրավորվելու մասին։

ազանչեցող եկեղեցում գնդակոծությունից վիրավորված ռազմական վերլուծաբան Յուրի Կոտենոկի համար ամենակրիտիկական պահը Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին էր։ «Գիտակցությունս չէի կորցրել և դա զարմանալի է, քանի որ նման դեպքում մարդիկ հիմնականում անմիջապես անջատվում են։ Բայց ես չկորցրի գիտակցությունս», –  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կոտենոկը։

Պատմում է` առաջին պայթյունից եկեղեցու գմբեթում  բացված անցքի միջով ինչ–որ զինամթերք ներս ընկավ ու պայթեց։ Մի քանի վայրկյան անց նա բացեց աչքերը։

Военный обозреватель Юрий Котенок в медцентре “Эребуни” (16 октября 2020). Еревaн

«Արյուն էր հորդում, շուրջբոլորն ինչ–որ կտորներ էին թափված, ծուխ էր, փոշի, ես գրեթե ոչինչ չէի տեսնում, շնչահեղձ էի լինում։ Կողքիս ընկերս էր պառկած` Լևոն Արզանովը` «Офицеры России» ամսագրի հատուկ թղթակիցը։ Նա բղավեց. «Ո՞ղջ ես»։ Պատասխանեցի. «Այո, ողջ եմ, Լյովա»։ Նա ոտքի կանգնեց, վազեց օգնություն կանչելու։ Շարժվեցի, սարսափելի ցավ զգացի», – հիշում է Կոտենոկը։

Տարբեր թեժ կետերում աշխատած ռազմական թղթակցի համար Շուշիի եկեղեցում ստացած վիրավորումն առաջինը չէր, բայց նման ցավ նա առաջին անգամ էր զգում։ Կոտենոկը քարերի կույտի տակ էր մնացել։

Արզանովի բղավոցների վրա մարդիկ դուրս են գալիս ապաստարաններից։ Կոտենոկը պատմում է, որ բոլորը շտապում էին` վախենալով նոր հարվածներից։

Սակայն նրա համար ամենակրիտիկական րոպեները Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհն էր, ուր նրան տանում էր տեղի սարկավագը։

«Զգում էի, որ մահանում եմ, աղոթում էի։ Նա ինձ ասում էր` դիմացիր, դիմացիր, շրջվում էր իմ կողմ։ (լռում է, հանկարծ Կոտենոկի աչքերում արցունք է նկատվում – խմբ.)։ Լավ պրծանք», – ասաց նա։

Военный обозреватель Юрий Котенок в медцентре “Эребуни” (16 октября 2020). Еревaн

Մեքենայից դուրս բերելու պահին նա կորցնում է գիտակցությունը։ Գիտակցության է գալիս արդեն Երևանում, որտեղ շրջապատված էր ժպիտներով և ջերմությամբ։ Հետո իմանում է, որ Ստեփանակերտի բուժկենտրոնում Սկլիֆասովսկու ինստիտուտից ժամանած առաջատար մասնագետ էր աշխատում` բժշկական գիտությունների դոկտոր Շահեն Դանիելյանը, որն էլ նրան ոտքի է կանգնեցրել։

«Մինչև կյանքիս վերջ պարտական ու շնորհակալ եմ այդ մարդուն», – ասում է Կոտենոկը։

Ռազմական վերլուծաբան Յուրի Կոտենոկը բազմաթիվ վնասվածքներ էր ստացել հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության ժամանակ։  Լրագրողն այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, առողջական վիճակը դեռ թույլ չի տալիս նրան Ռուսաստան տեղափոխել։