
ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում ընթացող ռազմական գործողությունների և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի մասին:
Զրուցակցի ուշադրությունը հրավիրվել է ռազմական գործողություններում Թուրքիայի կործանարար ներգրավվածության և Հարավային Կովկասում հաստատվելու այդ երկրի անընդունելի նկրտումների վրա: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների Թուրքիա արտահանումը կասեցնելու համար: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան կիրառման սկզբունքային նշանակությունը: Կանադայի վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել ստեղծված իրավիճակով և հույժ կարևորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը: