գլխավոր Իրադարձային Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածում կբերեն էսկալացիայի. ԵՄ

Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածում կբերեն էսկալացիայի. ԵՄ

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները կարծում են, որ Թուրքիայի միակողմանի գործողությունները Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանում կբերեն էսկալացիայի: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

«Մենք միակարծիք էինք`Թուրքիայի վերջին գործողություններն էլ ավելի են լարում իրավիճակը՝ այն նվազեցնելու փոխարեն։ Համարում եմ, որ դա անտեղի է և ափսոսանք եմ հայտնում այդ կապակցությամբ», – ասել Է Մերկելը։

Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ Թուրքիայի և ԵՄ հարաբերությունների զարգացումը բխում է երկու կողմերի շահերից։

Հիշեցնենք, որ Անկարան անցյալ շաբաթ միջազգային ծանուցում էր հրապարակել Navtex-ից, որի համաձայն Oruç Reis նավը` Ataman և Cengizhan նավերի հետ համատեղ, հոկտեմբերի 12-ից մինչև 22-ը հետազոտություններ է անցկացնելու։ Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այդ հատվածը պատկանում է հունական մայրցամաքային շելֆին և գտնվում է Կաստելորիզոյի ափից ընդամենը 6,5 ծովային մղոն հեռավորության վրա:

Վերջին ժամանակներս Աթենքի և Անկարայի հարաբերությունները կտրուկ սրվել են, որովհետև թուրքական Oruc Reis նավը սեյսմիկ հետազոտություններ է անցկացրել Միջերկրական ծովի արևելյան մասում, որը Հունաստանը համարում է իր բացառիկ տնտեսական գոտին (ԻԷԶ): Հունաստանի զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության ։