գլխավոր Քաղաքականություն Իրանը անհանգստացած է Ադրբեջանի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ սերտ համագործակցությունից․ Deutsche Welle

Իրանը անհանգստացած է Ադրբեջանի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ սերտ համագործակցությունից․ Deutsche Welle

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին ուշադիր հետևում են ոչ միայն Ռուսաստանում և Թուրքիայում, այլև Իրանում, որը Հայաստանի և Ադրբեջանի մոտակա հարևանն է, գրում է Deutsche Welle-ն:

Իրանի կառավարությունը հայտարարել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջնորդ լինելու պատրաստակամության մասին: Մարտական գործողությունները, որոնք տեղի են ունենում Իրանի հյուսիսային սահմաններին մոտ, արդեն ներառել են երկրի որոշ շրջաններ: Սակայն Թեհրանի անհանգստությունները կապված են ոչ միայն ռմբակոծությունների վտանգի հետ:

Նախևառաջ Իրանում ձգտում են թույլ չտալ, որ ԼՂ հակամարտությունը տեղափոխվի նաև իրանական հասարակության շրջան: Այդ տագնապը անհիմն չէ. Իրանում բնակվում են ինչպես հայեր, այնպես էլ ադրբեջանցիներ: Ընդ որում, եթե հայկական սփյուռքը կազմում է մոտ 100.000 մարդ, ապա «ադրբեջանցի թուրքերը» (այդպես են անվանում ադրբեջանական արմատներով Իրանի քաղաքացիներին) երկրում մոտ 15 մլն են: Իրանի բնակչության ընդհանուր թիվը 82 մլն է: Այսպիսով, Իրանում ադրբեջանական ծագում ունեցող բնակչության թիվն ավելի մեծ է, քան հենց Ադրբեջանի բնակչությունը, որտեղ ապրում է մոտ 10,3 մլն մարդ:

Այժմ ադրբեջանցիներն Իրանի ամենաազդեցիկ ազգային փոքամասնություններից մեկն են: Նրանք վերահսկում են Թեհրանի շուկայի մեծ մասը, որը ամենակարևոր շուկան է երկրում: Նույնիսկ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հորական կողմից ադրբեջանական արմատներ ունի: Մի քանի օր առաջ նրա 4 ներկայացուցիչները հայտարարություն էին հրապարակել, որում նշել էին, որ ԼՂ-ն «անկասկած» պատկանում է Ադրբեջանին:

Ի տարբերություն հայերի, որոնք իրենց հանդեպ մեծ ուշադրություն չեն գրավում, շատ ադրբեջանցի թուրքեր բացահայտ կողմ են արտահայտվում իրենց «մուսուլման եղբայրներին»: Նախորդ շաբաթ նրանք մի քանի խոշոր ցույցեր են կազմակերպել երկրի արևմտյան քաղաքներում, որտեղ թշնամական կարգախոսեր են հնչել Հայաստանի հասցեին: ԶԼՄ-ները հայտնում են, որ իշխանությունները ցրել են այդ ցույցերը:

Հեղինակը նշում է, որ Իրանում ադրբեջանական բնակչության մեծ մասի ճակատագիրը պատմական պատճառներով է պայմանավորված: Մինչև 19-րդ դարը ներկայիս Ադրբեջանի տարածքի մի մասը պատկանել է Պարսից կայսրությանը: 1828-ին այդ շրջանը դարձել է Ռուսական կայսրության մի մասը: 1991-ին Ադրբեջանն անկախություն է ձեռք բերել: Սակայն Իրանի մի քանի նահանգներում մինչ օրս գերակշռում է ադրբեջանական բնակչությունը, որոնց շրջանում ուժեղ են անջատողական տրամադրությունները:

Ադրբեջանի անկախացումից հետո Թեհրանն անհանգստանում էր, որ Բաքուն կազդի ազգային փոքրաասնությունների վրա: Իշխանական շրջանակներում բազմիցս վարկածներ են հնչել, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի աջակցությամբ ցանկանում է հարձակվել Իրանի վրա, որպեսզի իրեն միացնի Արևմտյան և Արևելյան Ադրբեջան նահանգները:

Թեհրանի անհանգստությունն է առաջացնում նաև Ադրբեջանի սերտ համագործակցությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, որոնք Ադրբեջանը համարում են կարևոր երկիր Հարավային Կովկասում՝ ռազմակաքաղաքական և տնտեսական առումով:

Հեղինակը կարծում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի անուղղակի մասնակցությունը ԼՂ պատերազմին նույնպես չի կարող չանհանգստացնել իրանական իշխանություններին: Այն դեպքում, երբ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը հակված է Հայաստանի կողմ, Իրանը փորձում է պահպանել բարդ և նուրբ հարաբերությունների ցանցը խոշորագույն խաղացողերի հետ: Սիրիայում Իրանը Ռուսաստանի հետ միասին հանդես է գալիս Բաշար Ասադի կողմից, որի հակառակորդներին աջակցում է Թուրքիան: