գլխավոր Իրադարձային Արցախում ադրբեջանցի ռազմագերուն վիրահատել են (լրացված)

Արցախում ադրբեջանցի ռազմագերուն վիրահատել են (լրացված)

Արցախում ադրբեջանցի ռազմագերուն վիրահատել են, փոխանցում է Infoteka24-ը։

Աղբյուրը նաև կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ռազմագերին հիվանդանոցում է, վիրահատված է նրա ոտքը։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ ըստ անհրաժեշտության ռազմագերիներին ցուցաբերվում է մարդասիրական բուժօգնություն ու վերաբերմունք:

«Նրան մարդասիրական կանոններին, միջազգային իրավունքին ու մեր ներպետական օրենսդրությանը համապատասխան բուժօգնություն ու մարդասիրական վերաբերմունք է ցուցաբերվում: Նա ըստ կարիքի վիրահատվել է, և ոչ միայն ինքը, մնացածին էլ համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել ու ցուցաբերվում»,- նշել է Բեգլարյանը:

Ինչպես հայտնեցին «Արմենպրես»-ի աղբյուրներն Արցախից, վիրահատված ռազմագերու անունը Յուլսիյվ Նուռադին Բախտիյարօղլու է: Ռազմագերին արդեն 10 օր է, ինչ հիվանդանոցում է և ստանում է համապատասխան բուժօգնություն:

Հոկտեմբերի 15-ին ադրբեջանական մամուլում ու սոցցանցերում տեսանյութ տարածվեց, որտեղ Ադրբեջանի բանակի զինվորները գնդակահարում էին հայ ռազմագերիներին։

Ավելի ուշ տեսանյութերն ադբեջանական լրատվամիջոցներից ջնջվեցին։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով տեսանյութին, հայտարարել էր, որ այն Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործության հերթական ապացույցն է: