
Հանրապետականները, որոնք արագորեն ժողովրդականություն են ձեռք բերում Միացյալ Նահանգների վատթարացող տնտեսական իրավիճակի և Բայդենի ցածր վարկանիշի պատճառով, կարող են իմփիչմենթի ենթարկել նախագահին։ Նման կարծիք է հայտնել The Spectator-ի սյունակագիր Ֆրեդի Գրեյը։
«Հանրապետական կուսակցությունը տեսավ, որ իրենց դեմոկրատ ընդդիմախոսները իմպիչմենտը որպես «մահակ» օգտագործեցին Թրամփին իշխանությունից հեռացնելու համար, իսկ հիմա նրանք վրեժխնդիր են ուզում լինել»,- շեշտել է լրագրողը։
Ըստ լրատվամիջոցների՝ հանրապետականները կարող են հաղթել 2022 թվականի նոյեմբերին Ներկայացուցիչների պալատի ընտրություններում՝ բարձր գնաճի, գազի ռեկորդային գների և Բայդենի «վատ» որոշումների պատճառով, ինչը նշանակում է, որ հանրապետականները հնարավորություն կունենան իմպիչմենտի գործընթաց սկսել։
Հեղինակի խոսքով՝ Հանրապետական կուսակցությանն աջակցող ընտրողների 70 տոկոսն անհրաժեշտ է համարում Բայդենին իշխանությունից հեռացնելը։
Ավելին, նրա կարծիքով, հավանական է, որ հանրապետականներին կաջակցեն բավականաչափ դեմոկրատներ, որ հոգնել են վատ առաջնորդից։
«Ամերիկյան քաղաքականության հաջորդ երկու տարիները կարող են լինել պատմության մեջ ամենակեղտոտը»,- եզրափակել է Գրեյը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հրապարակել էին Reuters-ի եւ Ipsos-ի համատեղ հարցման արդյունքները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարկանիշը իջել է ռեկորդային 36 տոկոսի։ Այնուամենայնիվ, նշվում է, որ տվյալները ցույց են տվել, որ Բայդենի ամենացածր ցուցանիշը դեռևս գերազանցում է Դոնալդ Թրամփի նվազագույն ցուցանիշը։ Թրամփի հավանության վարկանիշը 2017 թվականի վերջում իջել է մինչև 33 տոկոս։
Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը Թրամփի իմփիչմենթի գործընթաց է սկսել երկու անգամ՝ 2019 և 2021 թվականներին, սակայն երկու անգամ էլ ԱՄՆ նախկին նախագահն արդարացվել է Սենատի կողմից։