գլխավոր Քաղաքականություն ՔՊ–ն չի մասնակցի ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին

ՔՊ–ն չի մասնակցի ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Արցախի հարցով ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը` նշելով, որ «ՔՊ–ն չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին»։

Պատգամավորը գրել է, որ այժմ, առավել քան ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը կրկին փորձ է կատարում Արցախի հարցն օգտագործել բացառապես ներքաղաքական նպատակներով:

«Այդ նպատակին է միտված ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը։ Չունենալով ժողովրդի աջակցությունը, հրապարակում չունենալով լսարան՝ խորհրդարանական ընդդիմությունը փորձում է Ազգային ժողովի ամբիոնը օգտագործել որպես «քաղաքը կաթվածահար անելու» լծակ»,–գրել է Հովհաննիսյանը։

Պատգամավորը վստահ հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, օժտված լինելով ժողովրդի ամուր մանդատով, շարունակելու է պաշտպանել Արցախի և արցախահայության իրավունքներն ու շահերը բոլոր հնարավոր հարթակներում և ջանքեր գործադրել խաղաղության օրակարգը առաջ մղելու համար:

Ինչպես արդեն հայտնել էինք, Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների օրակարգով։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ` նիստը նշանակվել է հունիսի 3-ին` ժամը 16:00-ին։