գլխավոր Միջազգային Ֆինլանդիան և Շվեդիան բանակցություններ են վարել Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ

Ֆինլանդիան և Շվեդիան բանակցություններ են վարել Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ

Ֆինլանդիան և Շվեդիան հաջող բանակցություններ են վարել Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ։ Պայմանավորվել են շարունակել բանակցությունները և դրանցից արդյունքներ ակնկալել մինչև հունիսի վերջ։ Այս մասին ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։

Թուրքիան արգելափակում է երկու երկրների մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք՝ պահանջելով փոխել քրդական հարցի վերաբերյալ դիրքորոշումը։

«Ինչ վերաբերում է Թուրքիային, չորեքշաբթի օրը Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները այցելեցին Թուրքիա, որտեղ հաջող և երկար բանակցություններ վարեցին, պայմանավորվեցին շարունակել դրանք»,- հայտնել է Հաավիստոն Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո։

Ֆինլանդիայի դիվանագիտության ղեկավարն էլ նշել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան հույսը դնում են ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականության վրա, որին աջակցում է Թուրքիան։

«Շատ կարևոր է, որ որոշ արդյունքներ ձեռք բերվեն մինչև հունիսի վերջը կայանալիք Մադրիդի գագաթնաժողովը, ինչը կարևոր պահ է ՆԱՏՕ-ի և նաև մեզ՝ որպես թեկնածու երկրների համար», – հավելել է Հաավիստոն։