գլխավոր Քաղաքականություն ՀՀ նախագահը Կիպրոսում, Սան Մարինոյում, Չիլիում և Կորեայում դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահը Կիպրոսում, Սան Մարինոյում, Չիլիում և Կորեայում դեսպաններ է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Կիպրոսում, Սան Մարինոյում, Չիլիում և Կորեայում դեսպաններ է նշանակել, հայտնում են նախագահականի մամուլի ծառայությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին, համատեղության կարգով, նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աթենք)»,–ասված է նախագահի հրամանագրերից մեկում։

Իսկ Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանն այսուհետ համատեղության կարգով կկատարի նաև Սան Մարինոյի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի աշխատանքը (նստավայրը՝ Հռոմ)։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արգենտինայի ՀՀ Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանին, համատեղության կարգով, նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)»,–ասված է նախագահի մեկ այլ հրամանագրում։

Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանն էլ համատեղության կարգով կկատարի Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի աշխատանքը (նստավայրը՝ Տոկիո)։