գլխավոր Տնտեսություն Հիմնանորոգվում են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի քարե շինությունն ու բարեկարգվում տարածքը

Հիմնանորոգվում են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի քարե շինությունն ու բարեկարգվում տարածքը

1981 թ. տարեվերջին Երևանում բացվեց մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանը: Մուտքը՝ Նալբանդյան փողոցից: Ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի նախագծած երկաստիճան կառույցի հիմքում քարե ծաղիկն էր: Առաջին մակարդակում՝ կայարանի մուտքի դիմաց, շատրվաններն են, որտեղ ժամանակին ամառային սրճարանն էր, և դրա շնորհիվ տարածքը մշտապես մարդաշատ էր:

«Նախագծումը սկսվել է 1974 թվականին: Կառույցը շատ բարդ տեղում է: Ցանկություն կար, որ հրապարակի և քաղաքի ճարտարապետությունը լրացվեր նոր տարրերով: Ջիմ Թորոսյանի և մեր տղաների հետ կարողացանք այդ խնդիրը լուծել: Գտանք Բյուրականի տուֆը: Գլխավոր մեծ ծաղիկը՝ շատրվանի ծաղիկը, ստեղծում էին հավաքվելու վայր: Հիշում եմ՝ առաջին տարիներին այստեղ երեկոները բազմամարդ էին»,- նշել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Այս նախագիծը հետագայում արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։ Տարիների ընթացքում, սակայն, տարածքը դարձավ քաղաքի լքված անկյուններից մեկը: Սրճարանը փակվեց, գետնանցումից օգտվում են քչերը, իսկ երեկոյան այստեղ գիշերում են անօթևանները:

«Եթե նույնիսկ 2 տարով կառույցն անուշադրության է մատնվում, բնականաբար, սկսում է քայքայվել, ջրի հոսքերի հետևանքով՝ վնասվել: Յուրաքանչյուր կառույց ամենօրյա ուշադրության կարիք ունի»,- ընդգծում է Մկրտիչ Մինասյանը:
Քաղաքի ճարտարապետական կարևոր այս կառույցի պահպանման համար Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քարե շինությունն արդեն հիմնանորոգվում է:

«Սա հուշարձանային տարածք է: Մենք փորձում ենք այն վերականգնել՝ առանց ճարտարապետական կառույցի փոփոխության: Նախատեսված է ութանկյուն կառույցի հենապատերի հղկում և ամրացում բոլոր կողմերից: Մետաղական ամբողջ շերտը բացվելու է, ուսումնասիրվելու և փոխարինվելու են վնասված հատվածները, դրանից հետո երկշերտ ջրամեկուսիչ է անցկացվելու, վրայից ջրային նոր ցանց է անցկացվելու՝ ինքնաջրվող, նոր միայն կանաչապատվելու է տարածքը: Պետք է վերակենդանացնենք ծաղիկի բացվածքը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

 Առաջին փուլով տարածքն ամբողջությամբ մաքրվել է: Հղկվել ու որոշ հատվածներում փոխարինվել են սալիկները: Երկրորդ փուլում եզրաքարերի փոխարինումն է ու կանաչ գոտու վերականգնումը: Աշխատանքները պարբերաբար համաձայնեցվում են ճարտարապետի հետ: