գլխավոր Հասարակություն Կապանում Իրանի հյուպատոսությունը տարբեր ոլորտներում նոր համագործակցությունների հնարավորություն կստեղծի. դեսպան

Կապանում Իրանի հյուպատոսությունը տարբեր ոլորտներում նոր համագործակցությունների հնարավորություն կստեղծի. դեսպան

Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն ունենալու մասին իրանական և հայկական կողմերի միջև պետական մակարդակով համաձայնություն կա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: «Աշխատանքները սկսվել են, բայց դեռ համապատասխան տարածքը ձեռք չենք բերել: Դա ապացուցում է այս մարզի կարևորությունը Իրանի և Հայաստանի համար »,-հավելեց նա:

Զոհուրիի խոսքով` դա շատ լավ հնարավորություն կստեղծի  Հայաստանի սահմանակից մարզերի և Իրանի սահմանակից նահանգների`  Թավրիզի, Արևմտյան Ատրպատականի հետ համագործակցության առումով, առևտրաշրջանառությունը կարող է նոր թափ և նոր իմաստ ստանալ:

«Տարբեր ուղղություններով համագործակցություններ ենք նախատեսում սահմանակից նահանգների և մարզերի միջև` գիտական, համալսարանական, տնտեսական և այլ ոլորտներում, նաև զբոսաշրջության ոլորտում շատ լավ նախագծեր ենք մշակում, որը մոտ ապագայում Սյունիքում տեղի կունենա, և  դա կարող է օգնել երկու երկրների ժողովուրդներին միմյանց հետ ավելի լավ ծանոթանալու գործում»,-ասաց նա: