
Վաղը ակցիաները կսկսվեն ժամը 10։30, Ֆրանսիայի հրապարակից երթով կշարժվեն դեպի ԲԴԽ՝ ի համերաշխություն զոհված զինծառայողների ծնողների բողոքի, իսկ ժամը 15։30 հատուկ գործողություններ կիրականացվեն Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահի պատվիրակությանը դիմավորելու համար`ցույց տալու, որ ՀՀ գործող իշխանությունները այլեւս մանդատ չունեն հայ ժողողվրդին ներկայացնելու։
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանն անդրադարձավ օրվա իրադարձություններին, ինչպես նաև Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքին։
Ընդդիմադիր գործիչը ներկայացրեց ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը, որը պատրաստվում են ներկայացնել ընդդիմադիր խմբակցությունների պահանջով հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում։
«Եթե Ալիևից չեք վախենում, եկեք այդ նիստին ու ստորագրեք այդ հայտարարության տակ»,- դիմելով իշխող խմբակցությանը՝ ասաց Իշխան Սաղաթելյանը․
«Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ ԱԺ հայտարարությունը․
Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ սահմանադրությունը, ԼՂՀ, Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները, հայտարարում ենք․
1․ ՀՀ աջակցելու է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը։ ՀՀ համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։
2․ Պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ ՀՀ և Արցախի Հանարպետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։
3․ Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով։
4․ ՀՀ հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման, հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման նախապայմաններով։
5․ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը։
6․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։
7․ Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները միմյանց հետ շաղկապված չեն։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։