գլխավոր Իրադարձային Անվտանգության ապահովման հարցում ռուս սահմանապահների դերն ամենակարևորն է. Սյունիքի մարզպետ

Անվտանգության ապահովման հարցում ռուս սահմանապահների դերն ամենակարևորն է. Սյունիքի մարզպետ

Սյունիքում անվտանգության ապահովման հարցում ռուս սահմանապահների դերն ամենակարևորն է։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Հայտնել էինք, որ Կոպիրկինն այսօր Սյունիք է այցելել, ծանոթացել սահմանային իրավիճակին։Ղուկասյանը նշել է նաև Սյունիքի խոշոր ձեռնարկություններում ռուսական կապիտալի ներկայության մասին։

Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ հայ և ռուս ժողովուրդները կապված են պատմությամբ, մշակույթով, ավանդույթներով, և այդ կապերն ավելի ու ավելի ամրապնդել է պետք․ «Ինչ վերաբերում է Սյունիքին, մարդիկ այստեղ միայն լսելով չէ, որ գիտեն այդ կապերի մասին, նրանք ամեն օր տեսնում են դա»։

Հանդիպմանը ներկա Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը նույնպես նշել է անվտանգային առումով ռուս սահմանապահների ներկայության կարևորությունը համայնքի համար։

Ներկաները քննարկել են տնտեսական, ներդրումային առավել ակտիվ համագործակցությանը, երկկողմ ուղղությամբ զբոսաշրջության զարգացմանը, ենթակառուցվածքներին վերաբերող եւ այլ հարցեր։

Հանդիպման ընթացքում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, առեւտրատնտեսական հարաբերությունների մասին խոսելիս, հայտնել է, որ ռուսական կապիտալով ներդրումների ծավալով ՀՀ-ում Սյունիքը Երևանից հետո երկրորդն է։ Նա նաև ասել է, որ ռուսական կողմը պատրաստակամ է զարգացնել երկրների միջև միջմարզային համագործակցությունը։