
Արցախում ռազմական գործողությունների հետևանքով միայն այս օրվա ընթացքում առնվազն ութ արկ է ընկել Իրանի տարածք, փոխանցում է IRIB-ը։
Նշվում է, որ արկերն ընկել են Իրանի սահմանամերձ գոտու տների վրա, ինչի հետևանքով տուժած կա։ Բացի այդ, կան ավերածություններ։ Որոշ բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։
Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի սկզբից Իսլամական Հանրապետության սահամանամերձ գոտում ավելի քան 50 արկ է ընկել։
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստում հայտարարել էր, որ Թեհրանը չի կարող թույլ տալ, որ արկերը հայտնվեն Իրանի Իսլամական Հանրապետության սահմանների մոտ, և որ Ղարաբաղյան պատերազմի պատրվակով ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում։
«Մենք պատերազմել ենք ահաբեկիչների դեմ, նրանց դեմ կռվել են այնպիսի մարդիկ, ինչպիսին էր նահատակ Ղասեմ Սոլեյմանին։ ՄԵնք ահաբեկիչների դեմ պայքարել ենք Սիրիայում, Լիբանանում և Իրաքում՝ այդ ժողովուրդների օգնությամբ։ Մեզ համար անընդունելի է, որ որոշ մարդիկ փորձում են Սիրիայից և այլ տեղերից ահաբեկիչներին բերել Իրանի սահմանների մոտ գտնվող տարածաշրջան՝ տարբեր պատրվակներով»,-հայտարարել է Ռոհանին։
Նրա խոսքով՝ ինքը երրորդ երկրներին զգուշացրել է հակամարտության հրահրման և պատերազմ բորբոքելու անթույլատրելիության մասին։