գլխավոր Միջազգային Պուտինը պարգևներ է խոստացել հատուկ գործողության մասնակիցներին ու նրանց հերոս է անվանել

Պուտինը պարգևներ է խոստացել հատուկ գործողության մասնակիցներին ու նրանց հերոս է անվանել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական պարգևներ է խոստացել մարտիկներին, որոնք վտանգում են իրենց կյանքն Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում և ընդգծել է, որ նրանց պետք է վերաբերվել ինչպես հերոսների։

«Քիչ առաջ եղա պաշտպանության նախարարության հոսպիտալում, հանդիպեցի վնասվածքներից հետո բուժման կուրս անցնող մեր զինծառայողների հետ։ Եվ նրանցից ոմանք, համենայն դեպս այն մարդկանց մեծ մասը, ում հետ խոսեցի, նույնիսկ պետական պարգևներ չունեն: Իհարկե, կունենան», – ասել է նա Պետական խորհրդի նախագահության՝ սոցիալական հարցերին նվիրված նիստում։

Պուտինը նաև ընդգծել է, որ «անկախ նրանից, թե ինչ պետական պարգևներ կունենան կամ ունեն, այդ մարդիկ վտանգում են իրենց առողջությունն ու կյանքը հանուն Դոնբասի մարդկանց ու երեխաների, հանուն Ռուսաստանի»:

«Նրանք հերոսներ են։ Հենց այդպես։ Յուրաքանչյուրն իր կյանքը մահացու վտանգի է ենթարկում։ Դա գիտակցաբար է անում։ Եվ նրանց պետք է հերոսների պես վերաբերվել», – ասել է նախագահը։

Վլադիմիր Պուտինը հանձնարարել է շրջաններին աջակցել բոլոր այն զինծառայողների ընտանիքներին, որոնք մասնակցում են Ուկրաինայում հատուկ գործողությանը: Նա հույս է հայտնել, որ անկախ պետության կողմից ձեռնարկվող քայլերից, տարածաշրջանային մակարդակով զինվորականների ընտանիքները շրջապատված կլինեն ուշադրությամբ ու հոգատարությամբ։