գլխավոր Քաղաքականություն Կորոնավիրուսային իրավիճակը վատթարացել է

Կորոնավիրուսային իրավիճակը վատթարացել է

Հիվանդությունների վերահսկամն և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է` եթե հնարավոր է, պետք է անցնել հեռավար աշխատանքի։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

«Կորոնավիրուսային իրավիճակը վատթարացել է, ռեկորդային թվեր ունենք։ Անվտանգության կանոնների չպահպանմամբ է պայմանավորված կորոնավիրուսի նման աննախադեպ աճը»,–ասաց նա։

Սահակյանի խոսքով` չնայած այսօրվանից դասերը դադարեցվել են, սակայն կարևոր է նաև հեռավար աշխատանքի անցնելը։ Սահակյանը նշեց, որ իրավիճակը կարող է ավելի վատթարանալ, հատկապես երբ երկիրը գտնվում է սուր շնչառական վարակների աշխուժացման փուլում։ Նա հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները` դիմակ դնել, սոցիալական հեռավորություն պահպանել և հիգիենային հետևել։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ վիճակագրություն չկա, թե քանի զինծառայող է վարակվել կորոնավիրուսով։ «Մեր ամբողջ բանակը մարտական գործողությունների մեջ է, շատ դժվար է թեստավորում անել, եթե այդ դեպքերը ծանր իրավիճակի չեն հասնում»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ այս օրերին կորցնում են թանկագին ընկերներ` նրանց արյունով պաշտպանելով մեր հողը։ Նշենք, որ հոկտեմբերի 15–ի ժամը 11։00–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 59 995, մեկ օրում գրանցվել է 1371 վարակակիր։