գլխավոր Քաղաքականություն Այս հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ. պատգամավորը՝ հայ ռազմագերիների սպանության մասին

Այս հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ. պատգամավորը՝ հայ ռազմագերիների սպանության մասին

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ հայ ռազմագերիներին գնդակահարելու վերաբերյալ տեսանյութը փաստում է այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը կատարում պատերազմական հանցագործություններ և տուրք տալիս ահաբեկչական գործություններին: 
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նախ հիշեցրեց Ադրբեջանի իշխանություններին, որ գերեվարված անձը պետության իրավազորության ներքո է և այդ անձանց հետ տեղի ունեցող ցանկացած արարքի համար պատասխանատվություն է կրում տվյալ երկիրը:

«Տվյալ  պարագայում պատասխանատվություն է կրում Ադրբեջանի Հանրապետությունը և այն անձինք, ովքեր հանցագործություն են կատարում, և  ինքը` պետությունը, պետք է ենթարկվի պատասխանատվության նման արարքների համար»,- ընդգծեց Վարդանյանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով` առաջին տեսանյութը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ գերեվարության  մեջ գտնվող անձինք դադարեցրել են դիմադրությունը ¨ թշնամական որևէ գործողություններ չեն իրականացնում: Նրա խոսքով` առաջին տեսանյութում երևում է, թե ինչպես են նրանց ստիպում  հանել իրենց վերնահագուստը, երկրորդ` նրանց նստեցնում են ճանապարհի եզրին:

« Սա ոչ թե սոսկ գերեվարված անձանց սպանություն է, ինչն ինքնին դատապարտելի է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով և դիտարկվում է որպես ռազմական հանցագործություն, սա այսպես կոչված կոլեկտիվ  հաշվեհարդար տեսնելն է կամ կոլեկտիվ պատիժ իրականացնելու փորձ է: Անձինք առանց դատի և դատավարության, դեմոնստրատիվ, ձեռքերը կապված ռազմագերիներին նստեցնում են ճանապարհի եզրին, նրանց ուսերին գծում են Հայաստանի Հանրապետության դրոշը, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծեն իրենց գործողությունների ահաբեկչական բնույթը և դրանից հետո համապատասխան հրամանով հրազենով արձակում են բազում գնդակներ, որի հետևանքով գերեվարված անձինք մահանում են : Ընդ որում, մահանալուց հետո  դիակների նկատմամբ  վատ վերաբերմունքը, հարվածները շարունակվում են»,- շեշտեց Վարդանյանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարծիքով` սրանից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից վկայակոչել որևիցե միջազգային մարմնի որևիցե փաստաթուղթ պարզապես անբարոյականություն է:

«Սա կանոնների խախտում է, որոնք գոյություն են ունեցել ոչ թե ՄԱԿ-ի ստեղծման ընթացքում, սա պատերազմի օրենքներն ու սովորույթներն են , որոնք հայտնի են համաշխարհային հանրությանը դեռևս անտիկ ժամանակաշրջանում:

Սա դասական ռազմական հանցագործություն է,որի համար չկա ոչ տարածաշրջանային սահմաններ: Այդ հանցագործություն կատարող անձինք կարող են ենթարկվել պատասխանատվության ցանկացած երկրում և այդ հանցագործությունների նկատմամբ չեն կիրառվում վաղեմության որևէ ժամկետներ: Հետևաբար, այդ անձինք երբ էլ հայտնաբերվեն, ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- եզրափակեց Վարդանյանը:

Ավելի վաղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը հայտնել էր, որ իրենց կառույցի ուշադրության կենտրոնում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ ենթադրաբար հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութը: Դրա հիման վրա նյութեր են նախապատրաստվում ՄԻԵԴ դիմելու նպատակով: