գլխավոր Միջազգային Մոլդովայի նախկին նախագահը ձերբակալվել է 72 ժամով

Մոլդովայի նախկին նախագահը ձերբակալվել է 72 ժամով

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը 72 ժամով ձերբակալվել է կոռուպցիայի ու պետական դավաճանության կասկածանքով: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Հակակոռուպցիոն դատախազության ղեկավարի պաշտոնակատար Ելենա Կազակովը։

Ավելի վաղ, գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Մարիանա Կերպեկը հայտնել էր, որ հակակոռուպցիոն դատախազության և տեղեկատվության ու անվտանգության ծառայության աշխատակիցները Դոդոնի տանը խուզարկություն են իրականացնում։

«Հակակոռուպցիոն կենտրոնն ու ԱԽ-ն խուզարկություն են իրականացրել, խոսքն ապօրինի հարստացման, կոռուպցիայի, կուսակցության ապօրինի ֆինանսավորման, ինչպես նաև պետական դավաճանության մասին է։ Խուզարկությունների արդյունքում 72 ժամով ձերբակալվել է երկու մարդ», – հայտնել է Կազակովը ճեպազրույցի ժամանակ։

Դատախազությունից ՌԻԱ Նովոստիին հաստատել են, որ ձերբակալվածներից մեկը Իգոր Դոդոնն է:

2020 թվականին նախկին պատգամավոր Յուրի Ռենիցեն հրապարակել է տեսագրություն, որտեղ այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դոդոնը հանդիպում է դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկի ու նրա տեղակալ Սերգեյ Յարալովի հետ: Տեսանյութում Դոդոնը Պլախոտնյուկից փաթեթ է ստացել, որում, պատգամավորի խոսքով, խոշոր գումար է եղել։2020 թվականի հունիսին հակակոռուպցիոն դատախազությունը հրաժարվել է Դոդոնի դեմ քրեական գործ հարուցել, քանի որ հանցագործության հատկանիշներ չի հայտնաբերել: Այդ որոշումը պաշտպանել է Քիշնևի դատարանը, սակայն այս տարվա մայիսի 17-ին Վերաքննիչ պալատը չեղյալ է հայտարարել այդ որոշումը: