գլխավոր Միջազգային Թուրքիան Շվեդիայից ու Ֆինլանդիայից գրավոր երաշխիքներ է պահանջում․ Չավուշօղլու

Թուրքիան Շվեդիայից ու Ֆինլանդիայից գրավոր երաշխիքներ է պահանջում․ Չավուշօղլու

Թուրքիան Շվեդիայից ու Ֆինլանդիայից հստակ քայլերի է սպասում, մասնավորապես ցանկանում է գրավոր երաշխիքներ ստանալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է թուրքական Hürriyet լրատվականը։

«Նրանք պետք է դադարեցնեն աջակցել ահաբեկիչներին, ինչպես նաև պետք է հանվեն մեր պաշտպանության ոլորտի վրա սահմանված էմբարգոները»,- ասել է թուրք պաշտոնյան։

Չավուշօղլուն նշել է, որ շվեդական ու ֆինլանդական պատվիրակությունների հետ մայիսի 25-ին եռակողմ հանդիպում են նախատեսում այս հարցը քննարկելու համար, ու չի բացառել՝ կարող է լինել նաև քառակողմ հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։

Թուրք արտգործնախարարը նաև անդրադարձել է տարածվող տեղեկություններին, որ Անկարան այս հարցով առևտուր է անում ու ԱՄՆ-ից պահանջում է իրեն վաճառել F-16 կործանիչներ։ Նրա խոսքով՝ Թուրքիան որևէ մեկի հետ առևտուր չի անում, իրենք շարունակելու են ԱՄՆ-ից պահանջել, որ Թուրքիայի նկատմամբ սահմանված էմբարգոները վերացվեն։

Հիշեցնենք, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի պատվիրակություններն այսօր մեկնելու են Թուրքիա, վաղը նախատեսված են պաշտոնական հանդիպումները։ Պաշտոնյաները վաղը պատրաստվում են հանդիպել Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընին և փոխարտգործնախարար Սեդաթ Օնալին։