գլխավոր Կրթություն Ընթերցողներին ներկայացվեց «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» հանրամատչելի հատորը

Ընթերցողներին ներկայացվեց «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» հանրամատչելի հատորը

 «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ձեռագրերի 100-ից ավելի նկարներ և գիտահանրամատչելի նյութեր ամփոփող հատորը միտված է հանրահռչակելու Արցախի հարուստ, բայց  շատերին անծանոթ միջնադարյան գրավոր ժառանգությունն իր անմիջական, կոլորիտային, աշխարհից հեռու բարձր սարերի վրա բարձր արժեքներ կերտած արցախցի ժողովրդի մասին:

«Արմենպրես»ը հաղորդմամբ՝ անգլերեն լեզվով ուսումնասիրություն-պատկերագրքի հեղինակներն են Հրավարդ Հակոբյանը, Թամարա Մինասյանն ու Վահե Թորոսյանը:

Գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ մայիսի 20-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում, Վահե Թորոսյանն ասաց՝ հատորն ուղղված է անգլախոս միջազգային հանրությանը: «Թեև գրքի բուն թեման վերաբերում է Արցախի, Ուտիքի ձեռագրային ժառանգությանը, մանրանկարչությանը, բայց առաջին գլուխը համառոտ անդրադառնում է Արցախի և Ուտիքի քաղաքական պատմությանը, Աղվանից եկեղեցուն, Աղվանից կաթողիկոսության պատմությանը: Մատչելի ներկայացրել ենք անտիկ շրջանից մինչև 19-րդ դարի առաջին կեսը: Չափազանց կարևոր են այս հատվածում հունահռոմեական սկզբնաղբյուրները, որոնք այս կամ այն չափով անդրադառնում են Արցախին և Ուտիքին: Էական է շեշտել բուն Աղվանքի հետ Մեծ Հայքի սահմանի խնդիրը, որը ինչպես շատ պարզ գրել են, արձանագրել անտիկ շրջանի, միջնադարի օտար և հայկական աղբյուրները, եղել է Կուր գետը: Մենք վեր ենք հանում այդ իրողությունն ու խոսում միջնադարյան շրջափուլի մասին, հատկապես մանրամասն նկարագրել ենք Աղվանից մարզպանության կազմում Հայկական լեռնաշխարհի երկու նահանգների ընդգրկվելը, մարզպանության անկումից հետո Արցախի և Ուտիքի պատմությունն արաբական տիրապետության տակ լինելու շրջանը,  Բագրատունյաց թագավորության, Զաքարյան Հայաստանի շրջաններն ու ամփոփել ենք Արցախի մելիքությունների շրջանը»,-պատմեց համահեղինակը:

Նրա խոսքով՝ գիրքը տեղ կգտնի Հայաստանի բոլոր ուսումնական հաստատությունների գրադարաններում և դուրս կգա երկրի սահմաններից:

Մատենադարանի տնօրեն Վահան Տէր-Ղևոնդյանն էլ շեշտեց, որ հատկապես 2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո իրենց հուզել է այն հարցը, թե բոլոր արհավիրքներից հետո ինչ կարող են անել երկրի, մշակույթի պահպանության համար: Այդ ժամանակ ՀԲԸՄ-ն հայտարարել է դրամաշնորհային ծրագիր, որը միտված է եղել տարբեր օտար լեզուներով Արցախի պատմությանն ու մշակույթին նվիրված հրատարակություններին: Մատենադարանը շահել է դրամաշնորհն ու լույս է տեսել «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» անգլալեզու հատորը:

Հատորում ներկայացվում են XIII-XVIII դդ. Արցախում և Ուտիքում ստեղծված և պահված ձեռագիր մատյանները: Դրանց մի զգալի մասը պահպանվում է Մաշտոցյան Մատենադարանում, մի մասն էլ ցրված է աշխարհի տարբեր թանգարաններում և ձեռագրատներում (Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանության, Երուսաղեմի հայոց պատրիարքության ձեռագրատներում, Լոնդոնի բրիտանական թանգարանի և Փարիզի ազգային գրադարաններում և այլուր): Ընթերցողը հնարավորություն կունենա ծանոթանալու թե’ Արցախի և շրջակայքի վանքերին ու եկեղեցիներին, թե’ գրչության կենտրոններին և թե’ այնտեղ գործած գրիչներին ու մանրանկարիչներին:

Հարևան Արցախ և Ուտիք նահանգները սերտորեն կապված են եղել ոչ միայն վարչա-տարածքային առումով, այլև դեռ վաղ միջնադարից սկսած մշակութային համագործակցության և փոխներգործության արդյունքում ձևավորել ու զարգացրել են գրչության և մանրանկարչության ինքնուրույն դպրոց:

Արցախ աշխարհը հայ գրավոր մշակույթի ու գրչության հնագույն կենտրոններից է: Արցախի և շրջակայքի վանքերին ու եկեղեցիներին կից գործող գրչատներում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնց մի փոքր մասն է պահպանվել (ուսումնասիրությունների համաձայն Արցախից մեզ հասած ձեռագրերի թիվը 185 է, որից 68-ը՝ այլ վայրերում գրված և Արցախում պահված): Արցախյան գրչագրերը պատմական հարուստ նյութեր և արժեքավոր տեղեկություններ են պարունակում Արցախ աշխարհի պատմության և հոգևոր մշակույթի, ժողովրդագրության, տեղանունների և անձնանունների վերաբերյալ, իսկ այնտեղ նկարազարդված ձեռագրերն իրենց ինքնատիպությամբ և ոճական առանձնահատկություններով վկայում են մանրանկարչական ուրույն դպրոցի և նրա բարձր զարգացածության մասին:

Հատորում ընդարձակ մի ակնարկ է նվիրված Արցախի մանրանկարչական արվեստին ու զարդանկարներին, որն ամբողջական պատկերացում կտա Արցախի և հարակից շրջանների մանրանկարչական դպրոցի և այնտեղ ձևավորված ավանդույթների մասին: