գլխավոր Իրադարձային Լյուքսեմբուրգի հայ համայնքի բողոքի ցույցը` ի պաշտպանություն Արցախի ու Հայաստանի (տեսանյութ)

Լյուքսեմբուրգի հայ համայնքի բողոքի ցույցը` ի պաշտպանություն Արցախի ու Հայաստանի (տեսանյութ)

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժինը տեղեկացնում է. Լյուքսեմբուրգի հայ համանքը մեծ չէ, բայց ինչպես մի շարք երկրներում, այստեղ ևս համախմբվել է՝ հանուն Արցախի խաղաղության: Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Տաթև Մանուկյան-Էնգելի խոսքով՝ սփյուռքը միասնական է ավելի, քան երբևէ՝ աշխարհին պատմելու Արցախում տիրող իրավիճակի մասին, ներկայացնելու ճշմարտությունը:

«Լյուքսեմբուրգում առաջին հավաքը կազմակերպվեց շատ ինքնաբուխ: 7 հոգով կանգնեցին իրենց պաստառներով կենտրոնական հրապարակում՝ լուռ աղաղակելով կատարվող դաժանագույն իրադարձությունների մասին։ Դրանից հետո կարելի  է ասել, մենք ուշքի եկանք այս ինֆորմացիոն շատ բացասական հեղեղից և հասկացանք, որ պետք  է նորից շուտափույթ կազմակերպել հաջորդ ցույցը, որպեսզի կատարվի ինձ համար շատ կարևոր մի բան՝ գրավենք մեդիայի ուշադրությունը»,- «Հայերն Այսօր»-ի հետ զրույցում ասել է հայ հյուպատոսը` ընդգծելով, որ հաջորդ երկու ցույցերն ունեցել են ընդհուպ մինչև 150 մասնակից:

Նրա խոսքով՝ առաջին իսկ օրերից նվիրատվությունների հետ կապված շատ զանգեր ու նամակներ էին ստանում: Օգնել ցանկացողներն անմիջապես ուղղորդվում էին դեպի «Հայաստան» համահայկական հիմնադրամ:

«Արդյունքների գրանցումը շարունակական բնույթ ունի,  որում կարծում եմ՝ ներգրավված  է ոչ միայն ամբողջ սփյուռքը, այլև Հայաստանի օտարերկրացի բարեկամները, ովքեր իրենց դերակատարումն ունեն։ Եվ այստեղ կհանդգնեմ նշել նաև ամուսնուս դերակատարությունը։ Նա տանում է մեծ քարոզչական աշխատանք քաղաքական առումով՝ լինելով Լյուսեմբերգի ամենամեծ կուսակցության նախագահը»,- ասել է Տաթև Մանուկյանը՝ հավելելով, որ մի շարք տեղական լրատվամիջոցների հետ հարցազրույցներում հստակ նշվել է մեսիջը, այն է՝ խաղաղությանը հասնելու միակ ճանապարհը Արցախի Հանրապետության ճանաչումն է։