գլխավոր Իրադարձային Սպասում ենք Լիտվայի նախագահին. «Դիմադրություն» շարժման անդամները Մատենադարանի մոտ են

Սպասում ենք Լիտվայի նախագահին. «Դիմադրություն» շարժման անդամները Մատենադարանի մոտ են

«Դիմադրություն» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից երթով հասել են Մատենադարանի մոտ և այժմ սպասում են Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային, որպեսզի վերջինիս ուղերձ հղեն։

Այս մասին հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ վարչության ներկայացուցիչ, շարժման անդամ Սևակ Նազարյանը։

«Մենք իր միջոցով մեր ուղերձները կփոխանցենք նաև միջազգային հանրությանն ու ԵՄ–ին։ Ասելու ենք, որ Հայաստանը միայն այս իշխանությունների ներկայացրած կողմը չէ, Հայաստանն ունի ժողովրդի լայն աջակցություն վայելող հակառակ կողմ։ Սա նշանակում է, որ այս իշխանությունները չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը և իրավունք չունեն մեր անունից խոսելու»,– նշեց Նազարյանը։

Նա ընդգծեց, որ Լիտվայի պատվիրակությունը ՀՀ ներկայիս իշխանությունների պատճառով Երևանում տեղաշարժվել է ոստիկանական պատնեշների հետևից։
Շարժման անդամները պնդում են, որ իրենք հավաքվել են այդտեղ, քանի որ ցանկանում են ժողովրդավար հայրենիք ունենալ։

Մատենադարանի մոտ հավաքված ընդդիմադիրները նաև վանկարկում էին «պայքա՛ր»։
Նշենք, որ Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել մայիսի 19-ին, հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Նաուսեդան և իր գլխավորած պատվիրակությունն եղել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, այժմ էլ այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։