գլխավոր Տեխնո 143 մլն դոլար. Mercedes Benz-ը վաճառել է աշխարհում ամենաթանկ մեքենան

143 մլն դոլար. Mercedes Benz-ը վաճառել է աշխարհում ամենաթանկ մեքենան

Mercedes Benz-ը հաստատել է 300 SLR Uhlenhaut Coupé սպորտային մեքենայի վաճառքը, որը դարձել է աշխարհի ամենաթանկ մեքենան։ Ընկերության թանգարանի հավաքածուից յուրօրինակ սպորտային կուպեն վաճառվել է մասնավոր հավաքորդին, որը վճարել է 143 մլն դոլար, գրում է motor.ru-ն ։

Mercedes Benz-ը ստացված հասույթը ներդնելու է բարեգործական հիմնադրամի ստեղծմանը. այն կզբաղվի էկոլոգիայի ոլորտում նախագծերում ներգրավված ուսանողների կրթաթոշակներով։

Աղբյուրը մանրամասնում է, որ Mercedes-Benz 300 SLR Uhlenhaut Coupé-ն մայիսի 5-ին վաճառվել է RM Sotheby’s աճուրդում, որին թույլ են տվել մասնակցել միայն ընտրված հաճախորդներին:

Կուպեն Mercedes Benz Classic թանգարանի ավելի քան 1100 հազվագյուտ մեքենաների հավաքածուի մի մասն էր: Թե կոնկրետ ով է դարձել աշխարհի ամենաթանկ մեքենայի սեփականատերը, հայտնի չէ։

Այնուամենայնիվ, Mercedes Benz-ը նշում է, որ պատրաստվում է «հատուկ առիթներով» հանրությանը ներկայացնել կուպեն։ 300 SLR Uhlenhaut-ի երկրորդ օրինակը կշարունակվի ցուցադրվել Շտուտգարտի Mercedes Benz թանգարանում:

Կուպեն մշակվել է Daimler Benz-ի կողմից 1956 թվականին։ Մեքենան ստեղծվել է ավտոսպորտի համար, սակայն ի վերջո ոչ մի օրինակ չի մասնակցել մրցարշավներին։

Մեքենայի գնի նախորդ ռեկորդը պատկանում էր 1962 թվականի Ferrari 250 GTO սուպերքարին: 2018 թվականին այն աճուրդում վաճառվել է 48,4 միլիոն դոլարով: